Լրահոս

360 000 տեսանյութ TikTok-ում ու միլիոնավոր «Like»-եր․ BBC-ի անդրադարձը «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինին ու նրա Snap երգին




BBC News-ը հարցազրույց է ունեցել «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի հետ՝ անդրադառնալով մրցույթից հետո Snap երգի շարունակական հաջողություններին։

«Ռոզա Լինի Snap երգն օգտագործվել է ավելի, քան 360 հազար տիկտոկյան տեսանյութերում, որոնցից մի քանիսն ունեն միլիոնավոր հավանումներ»,-գրել է BBC-ն։

Կայքին տված հացազրույցում 22-ամյա երգչուհին նշել է․

«Այս ամենը խենթանալու է, իմ երազանքը կատարվել է։ Երբեք չես իմանա, թե ինչը կդիտվի TikTok-ում։ Ես մի տեանյութ տեսա, որում տղան առաջարկություն էր անում իր սիրելիին, եւ դա հրաշալի էր։ Դա նրանց կյանքի ամենակարեւոր իրողություններից մեկն էր, որն արվել է իմ երգի ներքո, ինչն ինձ շատ է հուզել»։

 
 Ի դեպ, կայքը զրուցել է նաեւ տեսանյութի հերոսների հետ, որոնք խոստովանել են, որ թեեւ չեն դիտել «Եվրատեսիլ»-ը, բայց Ռոզայի երգն այնքան են հավանել, որ որոշել են՝ այն պետք է հնչի նաեւ իրենց հարսանիքին։

BBC News-ին տված հարցազրույցում Ռոզա Լինը նաեւ խոստովանել է, որ երբ Snap-ը հատել էր միլիոնի սահմանը, ինքն արդեն զարմացել էր այդ փաստից, եւ Spotify-ում գրանցած ամենօրյա թվերի աճը երգչուհուն անհավատալի է թվում։

«Ես Հայաստանից եմ՝ Վանաձոր քաղաքից, եւ, գուցե, շատերդ, նույնիսկ, չիմանաք՝ այն որտեղ է գտնվում, եւ ես այնքան ուրախ եմ։ Փոքր տարիքում ես միայն կարող էի երազել այս մասին»։

Երգն արդեն հնչում է ինչպես Լատինական Ամերիկայի, այնպես էլ Միացյալ Նահանգների ու Աֆրիկայի մի շարք երկրներում․

«Ես կարող էի պատկերացնել, որ այն կլիներ եվրոպական հիթ շքերթներում, բայց դրանց շրջանակից դուրս գալը, իրոք, հրաշալի է»,-նշել է երգչուհին։

Ռոզա Լինը հավելել է, որ կցանկանար Հայաստանը ներկայացնել նաեւ հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ին։

«Ինձ, իսկապես, ամեն բան դուր է եկել «Եվրատեսիլ»-ի ընթացքում։ Մինչ մասնակցելս այն ինձ համար զվարճալի ժամանակ անցկացնելու ձեւաչափ էր, իսկ երբ ինքս փորձ ունեցա լինելու այնտեղ, հասկացա, որ այն հեքիաթային է»,-ասել է երգչուհին։


Լուսանկարը՝ Առաջին ալիքի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում