Ջիվան Ավետիսյան. «Եթե որոշենք, որ հայության նպատակը հաջորդ տարի Շուշի գնալն է, ապա նաև կաջակցենք, որ Շուշիի մասին ֆիլմեր ստեղծվեն» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջիվան Ավետիսյան. «Եթե որոշենք, որ հայության նպատակը հաջորդ տարի Շուշի գնալն է, ապա նաև կաջակցենք, որ Շուշիի մասին ֆիլմեր ստեղծվեն»




Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հոկտեմբերի 21-ից ցուցադրվելու է ամերիկյան AMC կինոթատրոնների ցանցում, Aysor.am-ը ռեժիսորի հետ զրուցել է հայկական կինեմատոգրաֆիայի առաքելության, Արցախի մասին պատմող ֆիլմերի ճակատագրի, խնդիրների ու նաև հաջողությունների մասին։

-44-օրյա պատերազմում զոհվեց Արցախյան պատերազմի մասին պատմող Ձեր առաջին խաղարկային ֆիլմի՝ «Թևանիկ»-ի գլխավոր դերակատարներից՝ Թևանիկը՝ Հովհաննես Խոդերյանը։ Ֆիլմն ավարտվում է անհասցե կրակոցով, դիտողն ինքն է որոշում՝ Թևանիկը խոցեց դիպուկահարին, թե հակառակը։ Այս ողբերգությունից հետո կփոխեի՞ք ֆիլմի վերջաբանը։ Համարու՞մ եք, որ 44-օրյա պատերազմից հետո ֆիլմի ասելիքը խմբագրվել է։

- Այո, ֆիլմում հանդիսատեսն ինքն է որոշում՝ ով ում խոցեց, 2020 թվականի պատերազմում, ցավոք, Թևանիկին՝ Հովհաննեսին խոցեց դիպուկահարը, Հովհաննեսը ֆիզիկապես մեզ հետ չէ։ Բայց գիտեք, ես զգացում ունեմ, որ Թևանիկը կա, շատերից ավելի ողջ է, ես հիշում եմ իրեն, անընդհատ աչքիս առջև է, հիշում եմ բոլոր պատմությունները, դրվագները, մինչդեռ, օրինակ, առաջին պատերազմից շատ-շատերի մասին հիշողությունս արդեն աղոտ է, և դա ցավալի է։

Պատերազմից հետո անընդհատ փորձում ենք ցուցադրել «Թևանիկ»-ը՝ այդպիսով ապրեցնելով Հովհաննեսին, առաջիկայում մասնավոր ցուցադրություն է նախատեսվում ԱՄՆ-ում։ Բոլորիս պարտքն է հանուն Հովհաննեսի գտնել այդ դիպուկահարին, գտնել որջը։ «Թևանիկ»-ը ֆիլմում կան մեսիջներ, որ տարիներ հետո իրականություն դարձան։ Ֆիլմում Ավոն ասում է՝ մի օր մեզ երանի են տալու, այո, հիմա մենք երանի ենք տալիս այն տղաներին, որ կամք ունեցան հակառակվելու ամենքին ու ամեն ինչին, ազատագրելու հայրենիքը։ Հիմա կարծեք, թե չկա այդ ընգվզումը, ես երազում եմ ֆիլմի մասին, որ կարթնացնի ցասումի, պայքարի նյարդը։

- Ձեր նոր ֆիլմը՝ «Վերածնվածը», կարելի՞ է համարել այդ երազանքի իրագործմանն ուղղված քայլ։



-Գիտեք, «Վերածնվածը» ֆիլմն ունի նաև երկրորդ վերնագիր՝ «Հետ տուր ինձ իմ անունը», այն համարում եմ ֆիլմն ընկալելու բանալի։ Մեզնից խլել են մեր անունը, անվան հետ՝ ինքնությունը, ինքնության հետ՝ հիշողությունը, հիշողության հետ՝ ամենն ինչ ունեինք։ Ֆիլմն Արցախի ժողովրդի աղաղակն է, բոլորս կորուստ ու ցավ ունենք՝ բոլորս արդարացիորեն կարող ենք պահանջել՝ հետ տուր մեզ մեր անունը՝ մեր հայրենիքը։ Ֆիլմն, այնուամենայնիվ, միայն մեր մասին չէ, այստեղ ընդգծվում է, որ մարդը զգալու է պատերազմի հետևանքն անկախ գտնվելու վայրից. այդքան մեծ չարիք է պատերազմը։

Մենք շարունակում ենք ամեն օր անդադար աշխատել այս ֆիլմը իրականություն դարձնելու համար։ Ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ գումարի գոյացման մեր ճանապարհներից մեկը crowdfunding-ի արշավն է, որը մենք շարունակում ենք վարել Indiegogo InDemand հարթակում և այժմ նաև զուգահեռաբար Facebook Fundraiser-ի միջոցով։

-Ձեր ֆիլմերը ցուցադրության մեծ աշխարհագրություն ունեն, ի՞նչ կետի պետք է հասնեք, որ համարեք՝ ֆիլմերի միջոցով Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձավ։

-Կաննի կինոփառատոնին բոլորն Ուկրաինայի պատերազմի մասին էին խոսում, մի բան էլ ինձ բացատրում՝ ինչ է պատերազմը, մի մարդու, որի ամբողջ կյանքը պատերազմի մասին է։ Ամոթ է ասել, բայց ես ափսոսանքով և ցավով էի լցվում, որ մեր մասին չէին խոսում։ Բայց ես այնքան համառություն ու համբերություն ունեմ, որ Արցախի մասին 8 միլիարդ մարդու պատմեմ։ Հայ ստեղծագործողների ֆիլմերը պետք է Արցախի մասին պատմեն աշխարհի ամենամեծ էկրաններից, կինոթատրոններից, որ նվազագունը նույքան ճանաչելի լինենք, որքան ուկրաինացիների դեպքում է։

-Ո՞րն է խնդիրը, որ Արցախի, Հայոց ցեղասպանության մասին այցեքարտ-ֆիլմ չունենք, այնպես, ինչպես օրինակ «Դաշնակահարը» ֆիլմն է ռեպրեզենտացնում հրեաների ցեղասպանությունը։

-Գիտեք, ես արդեն ամաչում եմ սոցհարթակներում մարդկանց «Վերածնվածը» ֆիլմի ստեղծման համար դրամահավաքի մասին պատմել, ասել, որ յուրաքանչյուրի 5 դոլարն էլ կարևոր է։ Ձեր հարցի ու իմ այս հակիրճ պատասխանի միջև ուղիղ կապ կա։ Բայց ես չեմ ուզում կինոարտադրողներիս արդարացնել ֆինանսական խնդիրներով, եթե կա կամք, համառություն, կստացվի։ Պարզապես, պետք է շատ ֆիլմեր ստեղծվեն, որ գոնե մեկ-երկուսը դիմանան ալիքներին, հաղթահարեն բաց ծովը։ Ի՞նչ արեցինք մենք հաղթանակի տարիներին, քանի՞ ֆիլմ ստեղծեցինք Արցախի մասին, լավ, ես՝ երեքը, այնինչ երեսունը պետք է լիներ։ Արցախի մասին ֆիլմ ստեղծելը պետք է պետության, հանրության առաջանահերթություններից լիներ։



Հոկտեմբերի 21-ից «Դրախտի դարպասը» ֆիլմը ցուցադրվելու է ԱՄՆ-ում`Լոս Անջելեսում, Օրինջ շրջանում, Դետրոյթում, Լաս Վեգասում, Բոստոնում, կուզեմ, որ այստեղ ապրող յուրաքանչյուր հայ հրավիրի մի օտարերկրացու՝ ֆիլմը միասին դիտելու, այդպիսով նպաստելու՝ որ նախ ֆիլմը երկար մնա կինոթատրոններում և նաև աջակցելու՝ նոր ֆիլմի ստեղծմանը։ Եթե որոշենք, որ համայն հայության նպատակը հաջորդ տարի Շուշի գնալն է, ապա անպայման նաև կաջակցենք, որ Շուշիի մասին ֆիլմեր ստեղծվեն. սա է համընդհանուր գիտակցության հասնելու ճանապարհը։