Լրահոս

ՀՖՖ-ն ու Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը




Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։

Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ աշխարհի առաջնության որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի B լիգայի առաջին տուրում Իռլանդիայի հավաքականին 1:0 հաշվով հաղթելուց հետո 0:2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային, 0:3 հաշվով՝ Ուկրաինային, 1:4 հաշվով՝ Շոտլանդիային, 0:5 հաշվով՝ Ուկրաինային, 2:3 հաշվով` Իռլանդիային եւ նահանջել C լիգա։