Լրահոս

Ծանրորդ Գոռ Սահակյանը` ոսկե մեդալակիր




Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 301 կգ:

Պոկում վարժությունը Սահակյանը սկսեց 134 կգ-ով, որը կարողացավ բարձրացնել միայն երկրորդ մոտեցմամբ: Այս վարժությունում երրորդ մոտեցման համար պատվիրված 138 կգ-ը ձախողեց եւ փոքր արծաթե մեդալի:

Հրում վարժությունում բարձրացրեց նախ՝ 161 կգ, ապա՝ 167 կգ: Երրորդ մոտեցման 172 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում էլ նվաճեց փոքր արծաթե մեդալ:

67 կգ քաշայիններ մեդալային պայքարը գնում էր Գոռ Սահակյանի եւ երկու թուրք ծանրորդների միջեւ: Չնայած առանձին վարժություններում թուրք ծանրորդները շրջանցեցին Գոռին, բայց երկամարտում հայ ծանրորդը 3 կգ-ով շրջանցեց մրցակիցներին:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Յուսուֆ Ֆեհմի Գենչ (298 կգ, 131+167) եւ Կաան Կահրիմանը (293 կգ, 137+156):

Մինչեւ 20 տարեկանների պայքարում ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 61 կգ Ռաֆիկ Մինասյանը: Նա երկամարտում գրանցել էր 256 կգ արդյունքով (116+140):

Մրցումային առաջին օրը մրցարթակ դուրս եկած Հայաստանի երկու ներկայացուցիչները մեդալ չեն նվաճել:

2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը 55 կգ քաշայինների պայքարում զրո է ստացել: Նույն քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը 217 կգ արդյունքով պայքարն ավարտել է 6-րդ տեղում: