«Միսս Տիեզերք 2022»-ում Քրիստինա Այանյանը կխոսի Հայաստանում տիրող իրավիճակի մասին․ Գոհար Հարությունյանը մանրամասներ է բացահայտում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս Տիեզերք 2022»-ում Քրիստինա Այանյանը կխոսի Հայաստանում տիրող իրավիճակի մասին․ Գոհար Հարությունյանը մանրամասներ է բացահայտում



«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել 24-ամյա Քրիստինա Այանյանը։ Քրիստինան ծնունդով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից է: Մինչեւ 5-րդ դասարանը սովորել է հայկական Սուրբ Ստեփանոս վարժարանում: Մոդելինգով լրջորեն սկսել է զբաղվել 15 տարեկանից: 2020 թվականին հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, որից հետո մասնակցել է «Միսս Արմենիա» մրցույթին եւ 2021 թվականին ներկայացրել Հայաստանը «Միսս Գրանդ Ինթերնեշնլ» մրցույթում:



NEWS.am STYLE-ը «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի մասնակցի ընտրության վերաբերյալ զրուցել է «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հետ։

«Այս տարի նախատեսում էինք անցկացնել «Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթները, սակայն երկրում տիրող իրավիճակի պատճառով չեղարկեցինք դրանք։ Բայց մեզ թույլ տվեցին, որ «Միսս Տիեզերք» մրցույթում մեր ներկայացուցչին ընտրենք նախորդ տարվա մրցույթի մասնակիցներից։ Այս տարի, հատկապես, շատ կարեւոր է, որ այդ մրցույթում մենք ունենանք լավ խոսնակ, իսկ այդ առումով ամենապատրաստվածը Քրիստինա Այանյանն է, որը ճանաչվել է «Վիցե Միսս Աշխարհ Արմենիա» եւ անցյալ տարի ներկայացրել Հայաստանը «Միսս Գրանդ Ինթերնեշնլ» մրցույթում»։



Քրիստինան մրցույթի շրջանակում տարբերվեց իր ինքնավստահությամբ եւ բարդագույն իրավիճակից սահուն դուրս գալու կարողությամբ։ Երբ բեմին Հայաստանի ներկայացուցչի կոշիկի կրունկը կոտրվեց, գեղեցկուհին ոչ միայն չշփոթվեց, այլեւ իրավիճակը փրկեց պարային շարժումներով։

Բացի բեմական հմտություններից, ըստ Գոհարի, կարեւոր է նաեւ այն հաղորդագրությունը, որով Հայաստանը կներկայանա «Միսս Տիեզերք»-ին։

«Մենք կարեւորում ենք աշխարհին հասցնել Հայաստանի իրավիճակի մասին մեր խոսքը։ Իհարկե, իրավունք չունենք քաղաքական ուղերձներ հղելու, բայց երկրում տիրող իրավիճակի մասին Քրիստինան կխոսի իր հարցազրույցի ժամանակ, նաեւ դա կարտահայտվի ազգային հագուստի միջոցով»։

Քրիստինան այս շրջանում նախապարատական բուռն աշխատանքների մեջ է։ Նա արդեն մասնակցել է մրցութային ֆոտոշարքերի, այժմ պատրաստվում է հարցազրույցի փուլին, ընտրում ներկայացվելիք զգեստներն ու նախապատրաստվում դեֆիլեին։

«Որպես կանոն, մենք գիտենք, որ «Միսս Տիեզերք» մրցույթում մեծ դեր է խաղում հենց հարցազրույցի փուլը, այն, թե մասնակիցն ինչպես է պատասխանում հարցերին, ինչ մտքեր ու ուղերձներ ունի, եւ կարծում եմ՝ այս տարի մենք այդ առումով առանձնանալու ենք մեր նախորդ տարիների ներկայացուցիչներից։ Քրիստինան ունի շատ յուրահատուկ ձայնային տեմբր ու դրված խոսք, եւ այդ ամենը նա ձեռք է բերել դեռեւս մանկուց, անցել է հատուկ դասընթացներ․ այս առումով հետաքրքիր կլինի հետեւել մրցույթի արդյունքին»։



Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը «Միսս Աշխարհ 2022»-ին, Գոհարի խոսքով՝ այս պահին ոչինչ պարզ չէ, քանի որ տվյալ մրցույթի անցկացման ժամանակացույցն էլ դեռեւս հստակ չէ։

«Գուցե, ի տարբերություն «Միսս Տիեզերք»-ի՝ «Միսս Աշխարհ»-ին հնարավոր չլինի մասնակցել առանց այս տարվա ազգային մրցույթի ընտրության»,-հավելեց Գոհարը։

«Միսս Տիեզերք 2022» մրցույթի եզրափակիչը կանցկացվի հունվարի 14-ին՝ Նոր Օռլեանում։