Ֆուտբոլային աշխարհի ամենասպասված իրադարձության մեկնարկը Հայաստանում կազդարարի Առաջին ալիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆուտբոլային աշխարհի ամենասպասված իրադարձության մեկնարկը Հայաստանում կազդարարի Առաջին ալիքը




2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը 2 օր։ Ֆուտբոլային աշխարհի ամենասպասված իրադարձության մեկնարկը պատրաստվում է ազդարարել Հայաստանում այդ հեղինակավոր մրցաշարի պաշտոնական հեռարձակող Առաջին ալիքը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ բոլոր հանդիպումները կլինեն Առաջին ալիքի ուղիղ եթերում, իսկ զուգահեռ ընթացող հանդիպումները կհեռարձակվեն Լրատվական ալիքով:

FIFA-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն Առաջին ալիքով մեկնաբանելու են Էդուարդ Քալանթարյանը, Արմեն Գարամյանը, Արման Աբելյանը և Ռոբերտ Գասպարյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Էդուարդ Քալանթարյանը, որն անձամբ մեկնելու է Քաթար, մանրամասներ է ներկայացրել: «Ֆուտբոլասերները բաց չեն թողնելու ոչ մի հանդիպում, քանի որ բոլոր խաղերը լինելու են հայերեն մեկնաբանությամբ, իսկ կիսաեզրափակչում ես և Արմեն Գարամյանն աշխատելու ենք Քաթարից: Այս տարի առաջնությունն արտասովոր է, քանի որ կայանալու է ձմռանը, իսկ ֆուտբոլասերները սովոր են խաղը դիտել բացօթյա սրճարաններում, ամառային արձակուրդների ժամանակահատվածում»,- ասաց Էդուարդ Քալանթարյանը և հավելեց, որ կրոնական դավանանքով պայմանավորված՝ Քաթարում արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը:



« Ի սկզբանե FIFA-ն եկել էր համաձայնության Քաթարի իշխանությունների հետ՝ պայմանավորվելով, որ մարզադաշտում կվաճառվի գարեջուր, բայց այսօր իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ, որ, այնուամենայնիվ, նրանք դեմ են և վաճառվելու դեպքում կլինի ոչ ալկոհոլային գարեջուր»,-նշեց նա:

Սպորտային մեկնաբանը նաև անդրադարձավ ֆավորիտ թիմերին: «Այս հարցում ես օրիգինալ չեմ գտնվի և ինչպես շատ մասնագետներ ֆավորիտ կառանձնացնեմ Հարավային Ամերիկայի երկու ուժեղագույն հավաքականների՝ Բրազիլիա և Արգենտինա, բայց սա կարճ մրցաշար է»,- ասաց նա:



Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ընդգծեց, որ սպորտը Առաջին ալիքի համար կարևոր ուղղություն է և վերջին տարիների ընթացքում սպորտային մեդիաարտադրանքը մեծացնելու փորձ է արվել։

«Մեր սպորտային թիմը տևական ժամանակ է պատրաստվում է աշխարհի առաջնությանը, քանի որ ցանկացած սպորտասերի համար այս իրադարձությունն ունի իր առանձնահատուկ տեղը: Մենք անում ենք ամեն բան, որ ֆուտբոլասերները բարձր մակարդակով կարողանան վայելել ֆուտբոլային այս մեկ ամիսը՝ համակողմանի ներկայացնելով ողջ ընթացքը»,- ասաց Տիգրան Վիրաբյանը: