2022-ի ամենասկանդալային իրադարձությունները՝ համաշխարհային շոու-բիզնեսում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

2022-ի ամենասկանդալային իրադարձությունները՝ համաշխարհային շոու-բիզնեսում




Էլ ի՞նչ տարի՝ առանց աստղային սկանդալների։ Որքան էլ շատ փորձեն, հայտնիները, կարծես, չեն կարողանում խուսափել աղմկահարույց միջադեպերից։ 2022-ին համաշխարհային մեդիան, պարբերաբար, թնդաց սկանդալային լուրերով, որոնք առաջացրին հանրության զարմանքը, վրդովմունքը կամ էլ՝ շարժեցին հետաքրքրասիրությունը։

NEWS.am STYLE-ը վերհիշել է մի քանի թեմա, որոնք հաճախակի շրջանառվել են մամուլում։

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի անընդհատ կոնֆլիկտներն ու ամուսնալուծությունը



Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի համատեղ կյանքն ավարտվեց 2021-ին, սակայն երբեմնի ամենաիդեալական զույգերից համարվող ամուսինները պաշտոնապես բաժանվեցին 2022 թ-ի նոյեմբերին։ Մինչ ամուսնալուծությունը Քանյեն, պարբերաբար, սկանդալայն գրառումներ էր անում նախկին սիրելիի հասցեին, մեղադրում նրան ավագ դստեր՝ Նորթի դաստիարակության հարցում։ Նա նաեւ վատաբանում էր Քիմի նոր սիրուն՝ Փիթ Դեւիդսոնին, չէր շփվում այն ընկերների հետ, ովքեր լավ հարաբերություններ ունեին Փիթի հետ։ Սուրբ Վալենտինի օրը քննարկման թեմա դարձավ ռեփերի՝ Քիմին ուղարկած ծաղկեփունջը։ Նա նաեւ հաճախ հրապարակում էր նախկին կնոջ հետ անձնական նամակագրությունները։

Ջոնի Դեփի դատավարությունը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ



2022 թ-ի ապրիլի 11-ից հանրությունը 6 շաբաթ անընդմեջ հետեւեց տարվա ամենաաղմկահարույց դատավարությանը՝ նախկին ամուսիններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ։ 2016 թ-ին զույգն ամուսնալուծվեց, իսկ ավելի ուշ, Washington Post-ին տված հարցազրույցում Էմբեր Հերդը ոչ ուղիղ կերպով ակնկարկեց ընտանեկան բռնության զոհ լինելու մասին։ Թեեւ դերասանուհին անուն չէր նշել, Ջոնի Դեփը նրա հայտարարությունը դիտարկեց, որպես իրեն ուղղված զրպարտություն եւ դատի տվեց նախկին կնոջը։ Դատավարության ընթացքում նախկին ամուսինները ներկայացրին համատեղ կյանքի սկադալները։ Հերդը պատմում էր, որ Դեփն իրեն, պարբերաբար, ծեծում էր, սեռական բռնության ենթարկում, նույնիսկ, սպառնում, որ կսպանի։ Դեփն, իր հերթին, անհիմն էր համարում դերասանուհու մեղադրանքները՝ նշելով, որ հաճախ ինքն է Հերդի կողմից բռնության ենթարկվել։ Ըստ դերասանի՝ նախկին կինը մի անգամ, նույնիսկ, շիշ էր նետել իր ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել էր նրա մատը։ Դեփը նշել է նաեւ, որ հաճախ ստիպված է եղել փակվել լոգարանում Հերդից ազատվելու համար։



Դատավարության ողջ ընթացքում «Կարիբյան ծովի ծովահանները» ֆիլմաշարի աստղն, ակնհայտորեն, ավելի մեծ աջակցություն էր ստանում հանրության կողմից։ Ժյուրին եւս միաձայն Հերդին մեղավոր ճանաչեց զրպարտության մեջ եւ պարտավորեցրեց վճարել Դեփին 15 միլիոն դոլար՝ 50 միլիոն դոլարի փոխարեն։



«Ես կյանքումս ավելի մեծ հիասթափություն չեմ ապրել, քանի որ այս վճիռը շատ կարեւոր էր նաեւ այլ կանանց համար։ Սա ցույց է տալիս, որ բռնության ենթարկված կանայք, ովքեր բարձրաձայնում են այդ մասին, կարող են հանրության կողմից նման ստորացումների ենթարկվել։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ կանանց հանդեպ բռնությանը պետք է շատ լուրջ վերաբերվել»,-դատավճռից հետո նշել է Հերդը։

Ուիլ Սմիթի ապտակը Քրիս Ռոքին՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ



«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ամենասկանդալային ու քննարկված միջադեպը, թերեւս, Ուիլ Սմիթի ապտակն էր հաղորդավար Քրիս Ռոքին։ Պատճառը հումորիստի անհաջող կատակն էր Սմիթի կնոջ՝ Ջադա Սմիթի սանրվածքի մասին։ Դերասանի կինը 2021 թ-ից սափրում է գլուխը․ պատճառն այն է, որ ունի մազաթափության խնդիր։ Ռոքի կատակը վիրավորեց Ջադային, ինչն աննկատ չմնաց նրա ամուսնու կողմից։



Սմիթը հենց արարողության ժամանակ բարձրացավ բեմ ու ապտակեց հումորիստին։ Այդ երեկո նա ստացավ «Տարվա լավագույն դերասան» մրցանակը, որը վերցնելիս ներողություն խնդրեց մրցանակաբաշխության կազմակերպիչներից եւ մյուս նոմինանտներից, բայց ոչ Քրիս Ռոքից։ Հաջորդ օրը նա Ռոքից ներողություն խնդրեց սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով։ Այս միջադեպն, իհարկե, անպատիժ չմնաց։ Սմիթը ստիպված եղավ հրաժարրվել Ամերիկյան կինոակադեմիային իր անդամակցությունից, եւ նրան 10 տարով արգելեցին մասնակցել կինոակադեմիայի կազմակերպած միջոցառումներին։

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսնու ներխուժումը՝ երգչուհու հարսանիքին



Նախորդ տարի Բրիթնի Սփիրսն ամուսնացավ իր ընտրյալի՝ իրանական ծագում ունեցող դերասան Սեմ Ասղարիի հետ։ Հաճախակի սկանդալների կիզակետում հայտնվող երգչուհին, նույնիսկ, սեփական հարսանիքի օրը, զերծ չմնաց սկանդալից։ Սփիրսի նախկին ամուսինը՝ Ջեյսոն Ալեքսանդրն, անսպասելիորոն ներխուժեց խնջույքի վայր՝ փորձելով խանգարել նախկին կնոջ հարսանյաց արարողությունը։



Նա բախվեց անվտանգության աշխատակիցների հետ եւ մի շարք անախորժությունների պատճառ հանդիսացավ, ինչի պատճառով ձերբակալվեց։

Ջեյսոն Ալեքսանդրն ու Բրիթնի Սփիրսն ամուսնացել էին 2004 թ-ին․ նրանց ամուսնական կյանքը տեւել էր ընդամենը 55 ժամ։

Շակիրայի ու Պիկեի բաժանումը



Ժամանակին Forbes-ի «Աշխարհի ամենահզոր զույգերի» ցուցակում հայտնված զույգը՝ կոլումբիացի երգչուհի Շակիրան եւ իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, փաստորեն, այնքան հզոր չգտնվեցին՝ փրկելու իրենց սերը։ Հայտնի զույգը, 11 տարվա համատեղ կյանքից հետո, 2022-ին բաժանվեց։

Չնայած երգչուհին եւ ֆոիտբոլիստն ամուսնացած չեն եղել՝ նրանց բաժանումը շոկային էր նաեւ երկրպագուների համար։ Զույգը երկար ժամանակ լռում էր բաժանման պատճառի մասին․ երգչուհին առաջին անգամ թեմայի շուրջ խոսել է Elle-ին տված հարցազրույցի ընթացքում․

«Ինձ համար շատ դժվար է խոսել այս մասին, քանի որ ես մինչ օրս անցնում եմ դժվար հույզերի միջով․ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում եմ, քանի որ մեր բաժանումը սովորական իրադարձություն չէ։ Սա դժվար է ոչ միայն ինձ, այլեւ՝ մեր երեխաների համար»,-ասել է Շակիրան։

Համատեղ կյանքի ընթացքում Շակիրան ու Պիկեն ունեցել են երկու զավակ։ Երգչուհին պատմել է, որ հանուն սիրո՝ զոհաբերել է իր կարիերան՝ Պիկեի հետ տեղափոխվելով Իսպանիա, որպեսզի ֆուտբոլիստը կարողանար շարունակել իր կարիերան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում։



«Մեզանից մեկը պետք է դիմեր զիջման, եւ ես դա արեցի։ Ես իմ կարիերան մի կողմ դրեցի եւ մեկնեցի Իսպանիա՝ աջակցելու նրան։ Դա հանուն սիրո արված զոհաբերություն էր։ Այդ քայլիս շնորհիվ իմ երեխաները, համենայն դեպս, մշտապես իրենց կողքին գտնվող մայր ունեցան, եւ ես մինչ օրս անբաժանելի կապ ունեմ նրանց հետ»,-ասել է երգչուհին։

Թեեւ Շակիրան չի նշել բաժանման կոնկրետ պատճառը, ըստ լրատվամիջոցների՝ Պիկեն, պարբերաբար, դավաճանել է երգչուհուն համատեղ կյանքի ընթացքում։


Լուսանկարները՝ PA Wire, John Phillips/Getty Images, 
Jim Lo/POOL/AFP via Getty Images, 
Kevin Ostajewski/Shutterstock, 
Europa Press, Splashnews.com, 
Axelle/Bauer-Griffin/Filmmagic, Elle