Դաշնամուրային երաժշտության հրավառություն. Դենիս Մացուևը Երևանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դաշնամուրային երաժշտության հրավառություն. Դենիս Մացուևը Երևանում




Փետրվարի 2-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգը: Կհնչեն Չայկովսկու, Ռախմանինովի, Մուսորգսկու ստեղծագործությունները:

Ռուսաստանի ժողովրդական արտիստ և Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, գրականության և արվեստի բնագավառում Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր Դենիս Մացուևը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից է, որը նորարարությունը համադրում է ռուսական դաշնամուրային դպրոցի ավանդույթների հետ: 

 Դենիս Մացուևը ծնվել է Իրկուտսկում: Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան`աշակերտելով Ալեքսեյ Նասեդկինին և Սերգեյ Դորենսկուն: 1998 թ. Չայկովսկու անվան 11-րդ միջազգային մրցույթում հաղթանակ տանելուց հետո, որպես վիրտուոզ դաշնակահար, սկսվեց նրա շռնդալից մուտքը երաժշտական աշխարհ: Դենիս Մացուևը համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ, մենահամերգներով հանդես գալիս լավագույն համերգասրահներում: Բացի տաղանդավոր երաժիշտ լինելուց, Դենիս Մացուևը նաև նախաձեռնում է մեծածավալ փառատոներ, ինչպիսիք են «Աստղերը Բայկալում» (Իրկուտսկ), «Դենիս Մացուևը հրավիրում է...» (Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ) համերգաշարերը և այլն: Նա նաև «Կրեշենդո», «Անսի», «Աստանա դաշնամուրային կախարդանք», «Սբերբանկ Դեբյուտ» երաժշտական փառատոների գեղարվեստական ղեկավարն է: 


2019 թ. Դենիս Մացուևը եղել է Չայկովսկու անվան XVI միջազգային մրցույթի դաշնամուրի անվանակարգի ժյուրիի նախագահը։ Նա նաև «Նոր անուններ» ռուսական բարեգործական հիմնադրամի նախագահն է, որը բացահայտում և աջակցում է տաղանդավոր երեխաներին: