Մհեր Բաղդասարյանը՝ եվրատեսիլյան նախագծի, Անի Երանյանի, Սիրուշոյի հետ հարցազրույցի և հետագա նախագծերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մհեր Բաղդասարյանը՝ եվրատեսիլյան նախագծի, Անի Երանյանի, Սիրուշոյի հետ հարցազրույցի և հետագա նախագծերի մասին




Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանն այս շրջանում Հայաստանում է և, Հանրային հեռուստաընկերությունից հրավեր ստանալով, Մհերը եվրատեսիլյան թիմի հետ սկսել է «Մենք Եվրատեսիլում» նախագիծը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նախագծի մանրամասների, ԱՄՆ-ում ծավալած գործունեության, Սիրուշոյի հետ հարցազրույցի և Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին:

«Այս տարվա սկզբում՝ 9 տարի անց, եկել էի Հայաստան և ընտանիքիս հետ դիմավորել էի Ամանորն ու այստեղ նկարահանել 3 թողարկում, որոնք արդեն հասանելի են: Հետագայում Հանրային հեռուստաընկերությունից ստացա առաջարկ. լսելով, թե ինչ պահանջներ կան և ինչպիսին է գաղափարը, համաձայնեցի»,- մանրամասնել է Մհեր Բաղդասարյանը:


«Մենք Եվրատեսիլում» նախագիծը ծավալուն և ամբողջական անդրադարձ է «Եվրատեսիլ»-ում Հայաստանի մասնակցությանը և բացառիկ հարցազրույցների շարք, որոնք իրականացրել է հենց Մհեր Բաղդասարյանը: Նկարահանումներն իրականացվել են Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում և Հայաստանում:Մրցույթի հայաստանյան կրքերը, անսպասելի զարգացումներն ու առհասարակ այն ամենը, ինչը դուրս է մնացել եթերից, ներկայացվում է այս նախագծում:
«Աշխատում է երիտասարդ, կյանքով լի և աշխատասեր թիմ, որի հետ անցել ենք այս ճանապարհը և արդեն այսօր լսարանի դատին ենք հանձնելու նախագիծը: Ամեն տարի նախագծին մեր մասնակցությունը լի է եղել ինտրիգներով, ուղեկցվել մեծ սկանդալներով, իսկ «քողը բացելու» և տեսախցիկի առաջ մասնակիցներին անկեղծացնելու գործն ինձ առաջարկվեց: Երկար տարիներ անց առաջին անգամ է, երբ ես կադրում չկամ, բայց կարծում եմ, որ այս նախագծում ավելի շատ եմ, քան ցանկացած այլ նախագծերում և առավել մոտ եմ մասնագիտությանս՝ լրագրությանը»,- ասել է նա:


Հարցազրույցներից մեկում Մհերը նշել էր, որ այս փուլում ցանկանում է տաղավարային հարցազրույց իրականացնել Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Հաղորդավարը մանրամասնեց, որ նրանց հետ աշխատել է, երբ գործունեություն էր ծավալում տպագիր մամուլում, բայց այս փուլում նրանք հայտնում են, որ պատրաստ չեն տաղավարային հարցազրույցի:
«Իսկապես ցանկություն ունեմ և հետաքրքիր է նրանց հետ խոսել: Սիրուշոյի հետ էլ զրուցեցինք այս նախագծի շրջանակում, բայց նրան ևս մեկ անգամ ասացի՝ սա այն հարցազրույցը չէր, որ ես ցանկանում եմ իրականացնել: Առհասարակ, մենք ահռելի աշխատանք ենք տարել և հետաքրքրական է, որ իրարամերժ դեմքեր, որոնք երբեք նույն նախագծում միասին չէին խոսի, այստեղ խոսել են», - ասել է նա:



Հաղորդավարը պատմել է, որ ԱՄՆ-ում բնակության տարիների սկզբնական փուլը եղել է դժվարություններով, մի շարք խնդիրներով և հիասթափություններով:
«25 տարեկանում, երբ տեղափոխվում էի ԱՄՆ, միանշանակ շատ անվախ էի և շատ իրավիճակներ չէի կարող պատկերացնել, երևակայել, բայց ես ապրում եմ այնպիսի շրջանում, որ մեծամասամբ հայեր են և նրանց ուշադրության կենտրոնում եմ, բայց միևնույն է ես հաճախ զարմանում եմ, երբ հաճոյախոսություն եմ լսում, այս փուլում էլ, երբ արձագանք եմ ստանում, շատ եմ շոյվում»,- պատմել է նա:



Խոսելով իր և Անի Երանյանի հարաբերությունների, նախագծի նկարահանումների և հետագայի մասին՝ Մհերը նշել է, որ ի սկզբանե չէին պատկերացնում, որ հնարավոր է երկրորդ եթերաշրջան:

«Ի սկզբանե մենք հանդիպել էինք միջոցառումներից մեկի ժամանակ, պարզապես ընկերաբար բարևեցինք միմյանց, իսկ հետագայում ամեն բան լայն տարածում ստացավ, իսկ մենք մտածեցինք՝ եթե ամեն բան սկսվել է լսարանի աչքի առաջ, պետք է նաև շարունակվի նույն ձևաչափով և այդպես»,- ասել է նա:
Հարցին, թե արդյո՞ք նախագծի շրջանակում ամեն բան իրական է Մհերը նկատել է՝ աչքերի փայլը չես կարող թաքնցել:
«Եթե լսարանը կարծում է, որ հույզերն ու ապրումները արհեստական են, ես մյուս «Օսկար» մրցանակաբաշխությանը կնոմինացվեմ՝ որպես տարվա լավագույն տղամարդ դերասան: Այնուամենայնիվ միայն կարող եմ ասել, որ սիրահարված մարդու աչքերի փայլը չես կարող շփոթել կամ նման իրավիճակ ձևացնել»,- նշել է Մհերը:
Մհեր Բաղդասարյանը նաև մանրամասներ է ներկայացրել Ֆիլիպիններում կայացած Sino Phil Asia International Peace Award մրցանակաբաշխության մասին, որտեղ նա առաջին անձնավորությունն էր Կովկասից:



«Առաջարկը ստացել էի դեռ համավարակի շրջանում, երբ եկավ պաշտոնական նամակ, իրենց հիմնադրամից, որի ղեկավարն էլ առաջին տիկինն է, իսկ ես պատասխանել էի, որ մեծ սիրով կմասնակցեմ մրցանակաբաշխությանը: Նրանց համար առաջնահերթություն էր, որ տվյալ մասնագիտության կրողը համախմբի տարբեր համայնքներում գտնվող մարդկանց, իսկ «Բարի լույս» հաղորդման շրջանակում հրավիրում էինք տարբեր համայնքների ներկայացուցիչներին, որոնք հայանպաստ աշխատանք են կատարել»,- պատմել է Մհերը:

Նա նաև խոսել է մրցանակաբաշխության ժամանակ Արցախի շրջափակման թեմային անդրադառնալուն և նշել, որ ի սկզբանե չէր որոշել, որ պետք է խոսի այդ թեմայից:
«Առաջին օրերն էին, որ Արցախը շրջափակման մեջ էր, բայց այնտեղ գտնվելով՝ որոշեցի, որ պետք է խոսեմ այդ թեմայից և ամբիոնից բարձրաձայնեմ այդ հարցը»,- եզրափակել է Մհերը: