Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել. մանրամասներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել. մանրամասներ




Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը շարունակում է գրառումներ կատարել և մեղադրել ԿԳՄՍ նախարարությանն իրեն չաջակցելու համար։ Այսօր էլ Իսրայելյանը դիմել է ՀՀ վարչապետին։

Ըստ նրա՝ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարն ամիսներ առաջ հանդիպել է իրեն և նշել՝ ԿԳՄՍ-ն կաջակցի վերջինիս բնակարանի ձեռքբերման հարցում։ Սակայն, Էրիկի պնդմամբ, գումարը չեն տրամադրել։

«Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը, որում բնակվում եմ ես։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում եւ կանխավճարի։ Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան (երկրորդական շուկայում), տալիս տանտիրոջը 800 դոլար, որպեսզի մնացածն էլ ձեւակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, եւ գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները։ 4 մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն ինձ չի տվել»,- գրել է նա։

ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ 4 մլն 600 հազար դրամը, որի մասին շեշտում է Իսրայելյանը և պնդում, թե ԿԳՄՍ-ն իրեն չի տվել, նախարարությունն այդ գումարը տրամադրել է բռնցքամարտիկին:

«2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ․ տարվա սկզբին նա ստացել է ամիսը 120 հազար դրամ անվանական թոշակ։ 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով՝ կրկին տարեվերջին, պարգևատրվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող»,- նշեց Շահբազյանը:

Քանի որ Իսրայելյանը 2022 թվականին դարձել է եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող, սկսած հունիս ամսից՝ նրան վեց ամիս տրվել է սպորտային նպաստ՝ 150 հազար դրամ առ այսօր, դեկտեմբերին գումարը դարձել է 200 հազար դրամ, քանի որ դեկտեմբերին հաղթել է աշխարհի երիտասարդների առաջնությունում, ասում է ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետը։

Ինչ վերաբերում է բնակարանի հարցին, Շահբազյանը նշեց՝ ԿԳՄՍ-ն բնակարան ձեռք բերելու ծրագրեր մարզիկների համար չունի, սակայն նախարարությունը բռնցքամարտիկին օգնել է հիփոթեքով բնակարան ձեռք բերել: Իսրայելյանը, սակայն, հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և մեկնում է Իսրայել, քանի որ հաղթանակների համար իրեն ոչինչ չեն տրամադրել Հայաստանում։

2022 թվականի դեկտեմբերի 8-ին էլ նա հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում և ընդգծել, որ մշտապես զգացել է պետական աջակցությունը: