Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին




Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, հայտնում են նախարարությունից

«Խոսելով հայ կինոյի 100-ամյակից՝ մենք առաջին հերթին խոսում ենք կոնկրետ մարդկանց և նրանց ներդրման մասին, քանի որ հայ կինոյի 100-ամյակը վերացական ժառանգություն չէ: Մեր պարտավորությունն է նաև արժևորելու այդ ներդրումը: Հուսով եմ՝ գնահատանքի այս ձևը ձեզ խրախուսելու է՝ ունենալու մասնագիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվել են «Բարս մեդիա» ընկերությունը՝ պատմականության և գեղարվեստականության բացառիկ համադրման և հայ կինոարվեստի միջազգայնացման գործում ունեցած ավանդի համար, Արմեն Ղազարյանը՝ հայ կերպարվեստի և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Վահագն Տեր-Հակոբյանը՝ հայ օպերատորական արվեստի կայացման և զարգացման գործում ունեցած վաստակի համար։


Ոսկե մեդալներով պարգևատրվել են նաև Արամ Շահբազյանը՝ կինոարվեստում բարձր պրոֆեսիոնալ չափանիշների հաստատման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար, Նաիրա Մուրադյանը՝ հայ անիմացիոն արվեստի զարգացման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Ջիվան Ավետիսյանը՝ հայ կինոյի և արցախյան հիմնախնդիրը կինեմատոգրաֆիական լեզվով միջազգայնացնելու համար և Անի Ոսկանյանը՝ համատեղ կինոարտադրության շրջանակների ընդլայնման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Կինոաշխարհի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի և պատվոգրերի:
Պատվոգրի է արժանացել նաև մեր գործընկեր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը` փառատոնային մշակույթի կայացման, համաշխարհային կինեմատոգրաֆիայի հասանելիության ապահովման և հայ կինոյի միջազգայնացման գործում ունեցած ներդրման համար։