Ինչպե՞ս ճիշտ պաշտպանել ձեր iPhone-ն ու տվյալները չարագործներից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպե՞ս ճիշտ պաշտպանել ձեր iPhone-ն ու տվյալները չարագործներից




Այսօր շատ են դեպքերը, երբ չարագործները գողանում են օգտատիրոջ iPhone հեռախոսը և տարբեր մեթոդներով ամբողջական վերահսկողություն ձեռք բերում դրա նկատմամբ՝ հեռախոսի տիրոջը լիովին զրկելով իր օգտահաշվի նկատմամբ հասանելիությունից։ Ի՞նչ մեթոդներ են կիրառում չարագործները և ինչպե՞ս խուսափել նրանց զոհը դառնալուց։


Հեռախոսը գողանալուց հետո չարագործները փոխում են վերականգնման բանալին (recovery key), ինչից հետո օգտատիրոջ համար գրեթե անհնար է դառնում հասանելիությունը հեռախոսում առկա ողջ տվյալներին՝ լուսանկարներ, հաղորդագրություններ և այլն։ Դրանից հետո չարագործները նույնիսկ կարողանում են հասանելիություն ստանալ զոհի ֆինանսական հավելվածներին և գողանալ նրանց բանկային հաշիվներին եղած գումարը։

Այս տեսակի վերահսկողություն ունենալը չարագործների համար հեշտ չէ․ դա պահանջում է, որ նրանք, ըստ էության, իմանան գաղտնաբառը, և դա կարող են անել օրինակ՝ բարում կամ ինչ-որ իրադարձության ժամանակ թաքուն նայելով, թե ինչպես է օգտատերը մուտքագրում անցակոդը կամ որևէ կերպ մանիպուլացնեն նրան, որպեսզի իրենց փոխանցի անցակոդը նախքան կգողանան այն։

Անցակոդն իմանալուց և հեռախոսը գողանալուց հետո չարագործը կարող է օգտագործել գաղտնաբառը՝ սարքի Apple ID-ն փոխելու համար, ապա կարող է անջատել «Գտնել իմ iPhone»-ը (Find my iPhone) ֆունկցիան , որպեսզի հնարավոր չլինի հետևել իր գտնվելու վայրը, այնուհետև փոխել վերականգնման բանալին, որը բարդ 28 նիշանոց ծածկագիր է՝ նախատեսված է հեռախոսի տերերին հաքերային հարձակումներից պաշտպանելու համար։

Apple-ն այս բանալին պահանջում է, որպեսզի օգնի վերականգնել մուտքը Apple ID-ին՝ օգտատիրոջ անվտանգությունն ամրապնդելու համար, բայց եթե չարագործը փոխի այն, ապա հեռախոսի սկզբնական սեփականատերը չի ունենա նոր կոդը և այլս չի կարող մուտք գործել իր օգտահաշիվ։

Apple-ն իր կայքում զգուշացնում է, որ հեռախոսի սեփականատերն է պատասխանատու իր համար վստահելի սարքերին հասանելիության և վերականգնման բանալին մուտք գործելու համար: Եվ եթե օգտատերը կորցնում է երկուսն էլ, ապա կարող է ընդմիշտ զրկվել իր օգտահաշվի հասանելիությունից։

Այնուամենայնիվ, կան մի քանի քայլեր, որոնք օգտատերերը կարող են ձեռնարկել, որպեսզի պաշտպանեն իրենց և խուսափեն նման սցենարից։

Պաշտպանել ծածկագիրը


Առաջին քայլը գաղտնաբառի պաշտպանությունն է: Apple-ը խորհուրդ է տալիս հեռախոսի էկրանը բացելու համար օգտագործել Face ID կամ Touch ID ֆունկցիաներ։ Դա կօգնի խուսափել ռիսկից, որ որևէ հանրային վայրում ինչ-որ մեկը կարող է թաքուն հետևել, թե ինչպես եք մուտքագրում ձեր անցակոդը։

Այս ֆունկցիաներից չօգտվելու այլընտրանքը բարդ՝ տառերից, թվերից և սիմվոլներից բաղկացած անցակոդ ունենալն է, քանի որ չարագործների համար բավական դժվար կլինի մտապահել այն։ Բացի դրանից, եթե կասկածում եք, որ որևէ մեկը տեսել է ձեր անցակոդը, ապա պետք է անմիջապես փոխել այն։

Էկրանի ժամանակի կարգավորումներ

iPhone-ներն ունեն Էկրանի ժամանակի կարգավորում, որը հատկապես ծնողներն են օգտագործում, որպեսզի սահմանափակեն երեխաների կողմից հեռախոսի օգտագործումը։ Խոսքը երկրորդական գաղտնաբառ կիրառելու մասին է։ Եթե այն միացված է, ապա սարքն օգտագործողից, այս դեպքում չարագործից, կպահանջվի մուտքագրել նաև այս գաղտնաբառը, նախքան նա կկարողանա հաջողությամբ փոխել Apple ID-ն:

Այս ֆունկցիան կարելի է ակտիվացնել այցելելով Settings > Screen Time, ապա ակտիվացնել Screen Time-ը, այնուհետև սեղմել Downtime։

Պարբերաբար կիրառել Back up ֆունկցիան


Վերջապես, չարագործներից կարող եք պաշտպանվել պարբերաբար կիրառելով Back up ֆունկցիան՝ iCloud-ի կամ iTunes-ի միջոցով, որպեսզի տվյալները հնարավոր լինի վերականգնել iPhone-ի գողության դեպքում: Նաև կարելի է կարևոր լուսանկարները կամ այլ կարևոր ֆայլերն ու տվյալները պահպանել մեկ այլ ամպային ծառայության մեջ, ինչպիսիք են Google Photos-ը, Microsoft OneDrive-ը, Amazon Photos-ը կամ Dropbox-ը: Սա կօգնի որոշակիորեն սահմանափակել չարագործի գործողությունները, եթե նա արդեն հասանելիություն ունի ձեր հեռախոսին։