«Ես առաջիններից էի, որ ասացի` «հրաժարական տվեք, պարո՛ն Սարգսյան», հիմա էլ պարտավոր եմ ասել՝ «պարո՛ն Փաշինյան, Ձեր թիմը վատն է»». Սարգիս Գրիգորյան
«Ես տեսնում եմ, որ այն մարդիկ, ովքեր այսօր պարոն Փաշինյանի կողքին են, պատրաստ չեն երկրի ղեկը ստանձնելու: Նրանք գործից ոչինչ չեն հասկանում, ունեն գործի հետ կապ չունեցող մասնագիտություններ, հետեւաբար սխալ որոշումներ են կայացնում: Իսկ ես արկածախնդիր ղեկավարություն չեմ ուզում տեսնել: Ամիսներ առաջ ես գնացել եմ հրապարակ՝ հուսալով, որ շատ բան կփոխվի, բայց եթե երկրի նախարարական եւ նրանց տեղակալների պորտֆելներ վերցնեն այսօրվա դեմքերը, ապա կարծում եմ, որ ոչինչ էլ չի փոխվի: Երկիրը ղեկավարելը խաղ ու պար չէ: Ես շատ լավ հետեւում եմ ամենատարբեր հարցերի շուրջ նախարարությունների արձագանքներին ու կարծիք եմ կազմում՝ ամենը սեփական կաշվիս վրա զգալով: Արդյունքում՝ հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանինի թիմը ապագա չի ունենա, ու չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կգրանցի»,- նշեց Սարգիսը:
Դերասանը նշեց, որ զայրանալու առիթները շատ են:
«Օրինակ՝ Մշակույթի նախարարի մերժումը, որ Օպերայի եւ Բալետի Ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի Օպերայում շենքում, Կրթության եւ գիտության նախարարի տարբեր տեսակի պահանջներն ու որոշումները, համասեռամոլների մասին ազատ խոսելը, աղանդավորներին տեղ տալը, եկեղեցիներում կռիվ անելը, թմրանյութի մասին ազատորեն խոսելը, այս ամենը պատճառներ են, որոնք ոտնահարում են ազգային արժեքները: Ես ընդունում եմ, որ կան հիվանդ մարդիկ, որոնք համասեռամոլներ են, բայց նրանց մասին խոսել պետք չէ: Ես զգում եմ, որ մեր ազգային արժեքների ու մտածողության մեջ ինչ-որ մի բան փոխվում է: Ես երբեք չեմ ընդունի, որ գեյ շքերթներ լինեն, ես չեմ ընդունի, որ առաքելական եկեղեցուն դեմ գնացող մեկը լինի. Իհարկե, մարդիկ կարող են նաեւ աղանդավոր լինեն, բայց դա պետական մակարդակով չպետք է խրախուսվի, դա պետք է մնա տվյալ մարդկանց ընտանիքում: Չգիտես ինչու՝ այս ամենը եղավ հենց հեղափոխությունից հետո, ինչը ինձ դուր չի գալիս: Հիմա չափից ավելի ազատություն կա, որը իմ սրտով չէ»,-ասաց նա:
Նյութը՝ life.panorama.am -ի