Տեսախցիկները ֆիքսել են՝ Գ. Պետրոսյանը միայնակ գնացել է Կիևյան կամուրջ և բարձրանալով արգելապատնեշի վրա՝ նետվել ցած - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսախցիկները ֆիքսել են՝ Գ. Պետրոսյանը միայնակ գնացել է Կիևյան կամուրջ և բարձրանալով արգելապատնեշի վրա՝ նետվել ցած




Հալաբյան փողոցի և Կիևյան կամրջի հատվածում գտնվող խաչմերուկում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Գառնիկ Պետրոսյանը միայնակ գնացել է Կիևյան կամուրջ և միայնակ բարձրանալով արգելապատնեշի վրա՝ նետվել ցած: Քրեական գործով մեղադրյալ Գառնիկ Պետրոսյանի՝ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ պարզաբանում է ներկայացրել ՀՀ դատախազությունը:

2020թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել էր 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նոյեմբերի 14-ին դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քննության ընթացքում պարզվել է, որ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով՝ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020թ. նոյեմբերի 10-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով 3011-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, իսկ նոյեմբերի 13-ին նույն հոդվածներով նրան առաջադրվել է մեղադրանք:

Եվ քանի որ նույն օրը՝ ժամը 20:00-ին, լրացել է Գ. Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը, վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինս բաց է թողնվել: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Սոցիալական հարթակներում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ Գ. Պետրոսյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ տեղի է ունեցել սպանություն նրան Կիևյան կամրջից ցած նետելու կամ այլ միջոցով:

Տարատեսակ հնարավոր շահարկումներից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ, ըստ մեղադրյալի հարցաքննության արձանագրության, հարցաքննությունն ավարտվել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 21:00-ին, իսկ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22:04-ին:

Գործով առկա է ականատես վկա, որի ցուցմունքների համաձայն՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կիևյան կամրջի ուղղությամբ զբոսնելիս կամրջի մեջտեղի հատվածում նկատել է, թե ինչպես է նշված անձը միայնակ, բռնվելով դրոշակներից՝ բարձրացել կամրջի մետաղական արգելապատնեշին և մինչև ինքը կհասցներ հնարավոր վատ հետևանքներից խուսափելու համար ահազանգել 911 հեռախոսահամարին՝ տեսել է, որ նա այլևս այդտեղ չէ: Դրանից անմիջապես հետո երկու այլ անձանց հետ կամրջի այդ հատվածի արգելապատնեշից տեսել է ներքևում՝ ճանապարհի երթևեկելի գոտում ընկած անձի, իսկ իրենց կանչով ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ դեպքի վայրում համոզվել է, որ դա կամրջի արգելապատնեշին բարձրացած անձն է: Իր ցուցմունքում ականատեսը նշել է նաև, որ այդ անձը եղել է միայնակ և առհասարակ կամրջի այդ հատվածի ամբողջ երկայնքով որևէ այլ անձ չի եղել: Գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ականատեսի կողմից նշված երկու պատահական անցորդները:

Բացի այդ, զննության են ենթարկվել նաև դեպքի օրվա դրությամբ Հալաբյան փողոցի և Կիևյան կամրջի հատվածում գտնվող խաչմերուկում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Արդյունքում պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 13-ին Գ. Պետրոսյանը միայնակ գնացել է Կիևյան կամուրջ և միայնակ բարձրանալով արգելապատնեշի վրա՝ նետվել ցած:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ գործի շրջանակում որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ իր պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքում Գ. Պետրոսյանը նշել է, որ դեռևս 2010թ. կատարել է ինքնասպանության փորձ դեղահաբեր խմելու միջոցով, որից հետո մինչև 2019թ. հաշվառված է եղել առողջության համապատասխան կենտրոնում, այդ ընթացքում ստացել համապատասխան դեղահաբեր, որոնց ընդունումն ինքնակամ, առանց բժշկի ցուցումի դադարեցրել է 2019թ. հունվարից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները, Գ. Պետրոսյանի կողմից ինքնասպանություն գործելու պատճառները և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

ՀՀ դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի շրջանակում ի հայտ բերված դեպքին վերաբերող բոլոր հրապարակումներն ուղարկվում են վարույթն իրականացնող մարմնին՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու, քննության առարկա դարձնելու նպատակով: