Հրուշ Աճեմյանը պատմել է քաղցկեղի դեմ «լուռ պայքարի» մասին
ԱՄՆ-ում ապրող, արմատներով հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանը պայքարում է ձվարանների քաղցկեղի դեմ։ Վիզաժիստը, որն աշխատում է նաեւ Քարդաշյան քույրերի հետ, այդ մասին հայտնել է Instagram-յան էջում արված անկեղծ գրառմամբ։
«Ինձ համար ծայրահեղ դժվար էր այս ճանապարհի մասին պատմել բոլորին։ Երկու ամիս մտածելուց հետո ես համարձակություն հավաքեցի հրապարակել այս տեսանյութը»,- գրել է Աճեմյանը։
«Վերջ դնելով բոլոր ասեկոսերներին. ճշմարտությունն իմ լուռ պայքարի մասին» վերնագրով տեսանյութում Հրուշը ներկայացրել է իր այցը գինեկոլոգի՝ նշելով, որ ցանկանում է, որ յուրաքանչյուրը եւ հատկապես կանայք պարբերաբար ստուգում անցնեն․ «Դա կարող է փրկել ձեր կյանքը»։ Աճեմյանը նշել է, որ ԱՄՆ լավագույն գինեկոլոգի ձեռքերում է եւ կասկած չունի, որ դրական ելք է լինելու։
Տեսանյութի վերջում Հրուշը խոսել է վիրահատական միջամտության մասին՝ նշելով, որ կրկին ստուգում կանցնի, բայց այս պահին լավ է։ «Լուռ պայքարը հաղթեց»,- այս տողերով է ավարտվում տեսանյութը։