Հայտնի է` երբ և որտեղ տեղի կունենա Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է` երբ և որտեղ տեղի կունենա Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողությունը




Հայտնի դուդուկահարի մահից տասնութ օր անց նրա աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում։

Մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Նրա աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ջիվան Գասպարյանի մահվան մասին հայտնի դարձավ հուլիսի 6-ին։ Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով ստեղծվելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում ստորագրեց։

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը շուտ է մահացել, իսկ հայրը պատերազմ է մեկնել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից առանց դասընթացների հաճախելու։

1949 թվականին արդեն Ջիվան Գասպարյանը միացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին։

1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։