Սարգիս Եղիազարյանն՝ իր անցած ճանապարհի, ձեռքբերումների ու 2022-ին սպասվող նոր ստեղծագործությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարգիս Եղիազարյանն՝ իր անցած ճանապարհի, ձեռքբերումների ու 2022-ին սպասվող նոր ստեղծագործությունների մասին




Երգիչ Սարգիս Եղիազարյանը, որին շատերն անվանում են սիրո երգիչ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է իր անցած ճանապարհի, ձեռքբերումների ու նոր անելիքների մասին։

Սարգիս, հայրդ մասնագիտությամբ երգիչ է` ժողովրդական երգեր է երգում, պապիկդ` դուդուկահար, կլառնետահար, 5 տարեկանից աչքի ես ընկել քո գեղեցիկ ձայնով, բայց գիտեմ, երբ առաջին մեծ քայլերդ էիր կատարում դեպի երգարվեստ ծնողներդ այդքան էլ չէին ցանակնում քեզ այդ ոլորտում տեսնել։ Հետաքրքիր է, ի՞նչն էր պատճառը եւ հիմա ի՞նչ են ասում, երբ արդեն կայացած երգիչ ես դարձել։

Այո, ճիշտ եք, ես փոքրուց մեծացել եմ երաժշտության մեջ․ ընտանիքս երաժշտական է: Երգելը ժառանգել եմ հորիցս, իսկ իմ պապիկից փոխանցվել է սերը դեպի հայկական, ժողովրդական գործիքներ՝ դուդուկը, դհոլը: Հային բնորոշ և հային հատուկ երաժշտական գործիքներ միշտ եղել են մեր ընտանիքում, եղել են այն երաժշտության մեջ, որը ես լսել եմ մանկությունից: Այդ ամենը փոխանցվել է նաև իմ երգարվեստ և այսօր հայկական ժողովրդական գործիքներ հնչում են իմ շատ ու շատ երգերում:

Ինչ վերաբերվում է ծնողներիս դեմ լինելուն՝ այդ ժամանակաշրջանը շատ կարճ է տևել: Տեսնելով, թե ինչպես կարճ ժամանակաշրջանում ես հասա մեծ հաջողությունների, բնականաբար, այդ շրջանից արդեն ծնողներս կանգնել են կողքիս և աջակցել են իրենց խորհրդով ու խոսքով:



Երգացանկումդ գերակշռում են ռոմանտիկ, սիրային երգերը, որի երաժշտության հեղինակը հենց դու ես։ Ինչի՞ց կամ ումո՞վ ես ոգեշնչվում ստեղծագործելիս եւ հետաքրքիր է, արդյո՞ք քո երգերը քո ապրումներն ու զգացողություններն են պատմում։

Այո, իմ երգացանկում կան երգեր, որոնց թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի հեղինակը ես եմ, բնականաբար, այդ երգերի անկեղծությունը բխում է այն պահից, որ ստեղծագործելու ընթացքում դրանք այդ պահի իմ զգացողություններն են և ապրումները: Միևնույն ժամանակ ես համագործակցում եմ շատ ու շատ այլ կոմպոզիտորների և խոսքերի հեղինակների հետ, և բացի ռոմանտիկ երգերից՝ իմ երգացանկում բավականին շատ են նաև թե՛ ժողովրդական, թե՛ քաղաքային ֆոլկլորից վերցված երգեր, որոնք նոր տարբերակով, նոր մատուցումով ներկայացնում եմ իմ հանդիսատեսին: Օրինակ՝ ժողովրդական շատ հին երգ՝ «Կանաչ պաբեդա», որտեղ շեշտը դրված է հայկական դհոլի վրա, ներկայացված է իմ տարբերակով։ Ինչպես նաև «Քավոր ջան» երգը, որտեղ կա հայկական ժողովրդական գործիք քամանչա, «Գնում եմ ու գալիս» երգը, որը ժողովրդական երգի cover է, որտեղ օգտագործվել է նաև լեգենդար երգչուհի, ժողովրդական արտիստ՝ Արաքսյա Գյուլզադյանի ձայնը, «Ամենալավ փեսա երգը», որը շատ կարճ ժամանակում դարձավ կոմերցիոն նախագիծ և հայկական ընտանեկան միջոցառումներին բավականին սիրված և սպասված երգ:

Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Երգ երգոց» հաղորդման շրջանակներում ներկայացել եմ «Ծաղիկների աշխարհում» երգով, որը նույնպես հին հայկական, քաղաքային ֆոլկ է: Շատ շուտով պրեմիերա կլինի նոր տեսահոլովակի և երգի, որը կոչվում է «Ոչ էս կողմ, ոչ էն կողմ»: Երգը նույնպես հայկական մոտիվներով է և օգտագործված են բավականին շատ հայկական ժողովրդական երաժշտական գործիքներ:



Սարգիս, Youtube-ում ամենաշատ դիտված տեսահոլավակդ «Քեզ գտա» երգն է, որը 6,6 մլն դիտում ունի։ Կա՞ ինչ-որ մեկը, որին այդ երգը նվիրված է։

Այո, «Քեզ գտա» երգը ինձ հաջողություն բերած և սիրված երգերից մեկն է: Ինչ վերաբերվում է՝ ում է նվիրված այդ երգը. դա մի հոգի չէ, դա՝ բոլոր այն հայ աղջիկներն են, որոնք գտել են իրենց կյանքի կեսին: Ես այդ երգը նվիրել եմ բոլոր սիրահարներին՝ առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում այդ երգի հաջողության համար իմ հանդիսատեսին, իմ հետևորդներին, որոնք գնահատեցին այն:

Ի դեպ, նկատեցի, որ կարճ ժամանակահատվածում Youtube-յան ալիքդ հավաքել է 100 000 բաժանորդ։ Ի՞նչ ես կարծում, ո՞րն է հաջողությանդ բանաձեւը։

Նախ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք իմ YouTube-յան ալիքի հետևորդներն են: Ինչ վերաբերվում է հաջողության գրավականին, ինձ թվում է դա անկեղծ սերն է աշխատանքի նկատմամբ, հանդիսատեսի նկատմամբ, որի արդյունքում էլ արտիստը կարող է քաղել այն պտուղները, որոնք և համարվում են հենց հաջողությունը երգչի: Այո, շատ կարճ ժամանակում իմ հետևորդների թիվը հասավ 100.000-ի, բայց ասեմ, որ դա ինձ համար ոչ միայն եկամուտի աղբյուր է դիտարկվում, այլ նաև դիտարկվում է որպես լավ գնահատական՝ ճիշտ արված աշխատանքի: Այդպիսի աշխատանքներում ընդգրկված է լինում մեծ թիմ` կոմպոզիտորներ, երաժիշտներ, խոսքերի հեղինակներ, գործիքավորողներ ու ռեժիսորներ: Եվ այդ 100.000-ը մեծ սիրով արված այդ աշխատանքի գնահատականն է: Ի դեպ, անսպասելի անակնկալ ստացա YouTube-ից՝ արծաթյա փայլուն մրցանակը՝ YouTube-ի նշանի տեսքով, որի համար նորից շնորհակալ եմ իմ հետևորդներին՝ այն մարդկանց, որոնք բաժանորդագրվել են իմ ալիքին և գնահատում են իմ աշխատանքը:

100.000 -ով, բնականաբար, չենք սահմանափակվելու, այս տեմպերով շարունակելու ենք և հուսամ, որ շատ կարճ ժամանակում այս թիվը էլ ավելի կմեծանա:


Սարգիս, քո որոշ տեսահոլովակները նկարահանել է ռեժիսյոր Սյոմա Կոդաբաշյանը, որը նաեւ հանդիսանում է քո մենեջերը: Որքա՞ն ժամանակ է իր հետ աշխատում ես եւ ինչպե՞ս է ընթանում ձեր համագործակցությունը։

Սյոմա Կոդաբաշյանը աշխատում է որպես իմ մենեջեր արդեն 5 տարի: Նա նաև հանդիսանում է երգիչ Արամեի և երգչուհի Քրիստինե Պեպելյանի մենեջերը, իսկ որպես ռեժիսոր համագործակցել ենք իմ 3 տեսհոլովակների շրջանակներում: Դա՝ «Քեզ գտա» տեսահոլովակն է, «Սեր իմ» իմ և Քրիստինե Պեպելյանի հետ համատեղ տեսահոլովակն է և «Չկաս» տեսահոլովակը: Այս բոլոր երեք տեսահոլովակներն էլ բավականին մեծ դիտումներ են ունեցել YouTube-ում: Ինչպես նաև նախապատրաստվում է ևս մի քանի երգ, որոնց տեսահոլովակները նկարելու ենք 2022թ-ին, որոնք նույնպես կլինեն հաճելի անակնկալ մեր հանդիսատեսի համար:

Ո՞ր տեսահոլովակի նկարահանումն է եղել ամենաբարդը։

Թերևս ամենաբարդը «Սիրահարվել եմ» երգի տեսահոլովակի նկարահանումն էր, որը մի քանի օր է տևել, զուտ այն պատճառով, որ բավականին մեծ ծավալի աշխատանք էր տարվում: Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արեն Բայադյան է: Անկախ իր բարդությունից՝ ընթացքն ինձ համար շատ հաճելի էր, չնայած որ եղանակը ցուրտ էր և դրսում նկարահանելու մեծ տեսարաններ ունեինք: Ես գոհ եմ Արենից, որ բարդություններն ու դժվարությունները հաղթահարելով՝ մենք ստացանք հիանալի տեսահոլովակ:



Եթե ամփոփենք նախորդ տարին, ինչպիսի տարի էր քեզ համար։

Խոսելով 2021թ-ի մասին, կարող եմ ասել, որ բավականին բուռն, բավականին ստեղծագործական տարի էր ինձ համար։ Նախորդ տարվա ընթացքում ունեցա 2 մենահամերգ ՝ Yans Music Hall-ում, որի տոմսերը կարճ ժամանակահատվածում շատ արագ վաճառվեցին, եւ Հայաստանի վաստակավոր արտիստ՝ Ռազմիկ Ամյանի հետ Dvin Music Hall-ում։ Երկու համերգներն էլ հիանալի անցան։ Շատ տեսահոլովակների, նոր երգերի տարի էր: Հուսամ 2022-ը ոչ մի կերպ չի զիջի:

Իսկ առաջիկայում ի՞նչ նորություններ սպասեն քո երկրպագուները։

Առաջիկայում նորությունները շատ-շատ են լինելու։ Բազմաթիվ երգեր՝ թե՛ էստրադային, թե՛ ժողովրդական, որոնք դեռևս գրվել են նախորդ տարվա ընթացքում, կթողարկվեն այս տարի: Նախատեսվում են շատ ու շատ շրջագայություններ՝ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կան հայեր, որոնք սպասում են իմ երաժշտությանը, սպասում են հայկական երաժշտությանը: Ես մեծ սիրով կայցելեմ այդ երկիրներ, քաղաքներ և կներկայանամ իմ երաժշտությամբ: Ինչպես նաև նախատեսվում են բավականին հետաքրքիր նախագծեր, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել, ինչպես ասում են Աստված առաջ:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում