Հռիփսիմե Սարգսյանը՝ «Սև արկղ» նախագծի, Էդգար Իգիթյանի և դժվարությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հռիփսիմե Սարգսյանը՝ «Սև արկղ» նախագծի, Էդգար Իգիթյանի և դժվարությունների մասին




Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն այս շրջանում նկարահանվում է Ելենա Արշակյանի «Սև արկղ» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր երկու հերոսուհիների: Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է մասնագիտական դադարի, դերի, խաղընկերների, կարծրատիպեր կոտրելու և միաժամանակ երկու դեր մարմնավորելու մասին:

«Դերասանական դադարը պայմանավորված էր մասնագիտական ճգնաժամով, քանի որ ստանում էի նույնատիպ նախագծերից առաջարկներ, այսինքն հեռուստասերիալների սյուժեները նման էին միմյանց և որոշակիորեն հոգնեցնող էր, սիթքոմների պարագայում դերերն ինձ համապատասխան չէին և չէի ցանկանում նման կերպով հանդես գալ, բայց ես լուրջ եմ վերաբերվում այս մասնագիտությանը, իսկ դա պայմանավորված է նրանով, որ ես ստացել եմ հենց այս ոլորտում կրթություն և գիտեմ դերասանության արժեքն ու կարևորությունը»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ հերթական առաջարկի մերժումից հետո տեղեկացել է, որ Ելենա Արշակյանն ունի նոր նախագիծ:



Նախագիծը 3 օդաչուների մասին է, որոնց պատմությունը ծավալվում է հենց գլխավոր հերոսուհիների շուրջ: Հեռուստասերիալը մի քանի օր է ինչ Ա-թիվի հեռուստաընկերության եթերում է և գործողությունները զարգանում են դինամիկ, իսկ պատմությունը կառուցվում է մի քանի հերոսների շուրջ: Դերասանուհու խոսքով դերն ընտրելիս առաջնահերթությունը եղել է սցենարը, սյուժեն պատմությունն ու հերոսուհին:

«Ես կարդացի լիովին այլ սցենար, որը նորություն էր դաշտում, քանի որ այստեղ կան արագ զարգացող իրադարձություններ, առանցքային կերպարներ իրենց պատմություններով: Ինձ համար նաև կարևոր է դերասանական անձնակազմն, իսկ այս պարագայում հեռուստասերիալի դերասանները շատ տաղանդավոր են՝ ի դեմս Էվելինա Շահիրյանի, Անահիտ Կիրակոսյանի, Լիլիթ Սարգսյանի, Էդգարն Իգիթյանի և Մկրտիչը Քեբաբչյանի. առհասարակ բոլոր դերասանները, որոնք ներգրավված են այս աշխատանքում ամենայն պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով կատարում են իրենց առջև դրված առաջադրանքը»,- նշեց Հռիփսիմե Սարգսյանը և հավելեց, որ նկարահանման հրապարակում գործընկերներից շատ բան է կախված. «Այն խաղը, որ ես տեսնում եմ իրենց մոտ հիացնում է ինձ, քանի որ մենք ունենք սուղ ժամանակ և նմանօրինակ մոտեցումներն ու աշխատանքը խոսում են պրոֆեսիոնալիզմի մասին, երբ տեսա՝ ինչ ջանասիրությամբ և ոգևորությամբ են բոլորն աշխատում, կարդում սցենարը՝ ցանկություն հայտնելով նոր և գեղեցիկ բան ստեղծել»:



Հռիփսիմե Սարգսյանը նաև նշեց, որ սերիալարտադրությունը բարդ ընթացք է և խոչընդոտներ այս ոլորտում շատ են, քանի որ առկա է ռեսուրսների սակավություն:

«Մենք գալիս ենք աշխատանքի մեծ նվիրումով և նման իրավիճակը լույս է վառում իմ հոգու մեջ և ես իրավիճակին սկսեցի այլ կերպ նայել և ուզում եմ նշել, որ մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, բայց մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում աշխատանքին՝ անելով լավագույնը: Այժմ շատ եմ գնահատում իմ աշխատանքը՝ թույլ չտալով, որ բացասական արտահայտվեն սերիալարտադրության մասին, քանի որ բազմաթիվ նվիրյալներ իրենց ուսերի վրա պահում են նախագիծն ամիսներ շարունակ և ոչ-ոք չի պատկերացնում՝ ինչ է կատարվում կադրի ներսում»,- նշեց նա:



Դերասանուհին այս կերպարում մարմնավորում է երկու հերոսուհու: Հերոսուհիներից մեկը՝ Արմինեն մահանում է հենց հեռուստասերիալի սկզբում, իսկ հետագայում երևան է գալիս նրա զույգ քույրը՝ Ալլան: Հռիփսիմեն մանրամասնեց, որ երկու հերոսուհիների ներկայությամբ տեսարանների նկարահանումներ կան և տարբերությունն ընդգծելու համար կիրառվում են որոշակի արտաքին փոփոխություններ:

«Մենք շարունակում ենք նկարահանել նաև մահացած հերոսուհու տեսարանները, քանի որ նա հայտնվում է հուշերի տեսքով, որպեսզի բացվի պատմությունը: Այս իմաստով կան որոշակի բարդություններ, քանի որ պետք է ներկայացնես երկու տարբեր հերոսների և բացի արտաքինից պետք է հայացքը, ձայնը, «բնավորությունը» այլ լինի, իսկ սա բարդ խնդիր է նաև ինձ համար նորություն: Ես շատ ժամանակ եմ հատկացնում արտաքին տեսքին, քանի որ պետք է մարմնավորեմ, թե՛ մահացած կերպար, որը հայտնվում է հուշերի տեսքով, թե՛ նրա զույգ քրոջը: Ես ստեղծել եմ երկու տարբեր ոճեր, օրինակ Արմինեն գանգրահեր է, Ալլայի համար նախընտրել եմ դասական կերպար, բարձրակրունկներ, մոտ 3 ժամ հատկացվում է, որպեսզի առաջին կերպարի գանգրահեր սանրվածքն ապահովեմ, իսկ հաջորդ տեսարանի համար ես հարդարում եմ մազերս, փոխում հագուստս և այսպես շարունակ»,- մանրամասնեց դերասանուհին:



Նրա խոսքով, թե՛ իրեն, թե՛ հանդիսատեսին գրավել է նմանօրինակ մոտեցումը, երբ մի հեռուստասերիալում նա մարմնավորում է երկու տարբեր հերոսների և ընդգծեց, որ սպասվում են զարգացումներ և դերասանները ևս տեղեկացված չեն հետագա զարգացումների մասին, քանի որ հեռուստասերիալը նաև դետեկտիվ ժանրում է և դերասանական անձնակազմի համար ևս իրավիճակները պետք է լինեն անսպասելի: Դերասանուհին նաև պատմեց գլխավոր հերոսներից Էդգար Իգիթյանի հետ համագործակցության մասին:

«Ինձ շատ հաճելի և հարմարավետ է նրա հետ խաղալը, քանի որ նա շատ պատրաստված է գալիս նկարահանման հրապարակ, հեռուստադիտողը նրան շատ է սիրում: Ես կարծում եմ, որ ես և Էդգարը միմյանց զգում ենք խաղի ժամանակ, իսկ հեռուստադիտողը դա տեսել է և սիրել մեր զույգը: Օրեր շարունակ ես ստանում եմ բազմաթիվ նամակներ, հազարավոր հոլովակներ, իսկ այդ հանգամանքը շատ հաճելի է»,- ասաց Հռիփսիմե Սարգսյանը:

Դերասանուհին հավելեց, որ սիրով է աշխատում և ներգրավվել նախագծում՝ ընդգծելով, որ նաև ռեժիսորը՝ Հովհաննես Ղազարյանը ևս փորձում է կոտրել սերիալային կարծատիպերը և նոր գույներ ու որակ տալ: