Արաքսյա Խաչատրյանը՝ հայտնիության, բլոգինգի և անձնական հարաբերությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արաքսյա Խաչատրյանը՝ հայտնիության, բլոգինգի և անձնական հարաբերությունների մասին




«Հատուկ դասարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Արաքսյա Խաչատրյանն այս շրջանում իր հիմնական գործունեությունը ծավալում է ինստագրամյան իր էջում, որտեղ ունի իր հավատարիմ հետևորդները: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալում իր դերի, բացասական արձագանքի, նշանածի և ոճի մասին:

«Հատուկ դասարան»-ի Օլյան, կերպարի ոճն ու հանրության բացասական արձագանքը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո դերասանուհին նշում է, որ չէր ցանկանում աշխատել որպես դերասանուհի, բայց Անի Մաղաքյանի հրապարակումը տեսնելով՝ դերասանուհին որոշել է մասնակցել քասթինգի:

«Երբ տեսա Անի Մաղաքյանի հրապարակումը, որ հայտարարվում է քասթինգ որոշեցի՝ պետք է մասնակցել ու նշեմ, որ մի քանի փուլից բաղկացած քասթինգ էր և գրեթե ողջ ընթացքում ինձ փորձում էի այլ դերում՝ մտովի լինելով Օլյայի հետ, իսկ հետագայում հաստատվեցի հենց Օլյայի դերում և ուզում եմ նշել, որ կերպարս դեռահասի դասական օրինակ էր իր մոտեցումներով, մտորումներով, խնդիրներով և առօրյայով: Օլյայի կերպարին ամենայն պատասխանատվությամբ եմ մոտեցել, թարմացրել զգեստապահարանս, քանի որ ոճաբանի հետ խոսելիս հասկացանք, որ Օլյայի կերպարը պետք է դետալային հավաքենք և անցա գնումների փուլին, իսկ հիմա, երբ բացում եմ զգեստապահարանս տեսնում եմ բազմաթիվ գլխարկներ ու սիրով հիշում նկարահանումների փուլը»,- ասաց դերասանուհին:



«Հատուկ դասարան» հեռուստասերիալում դերասանուհին մարմնավորում էր հակասական բնավորություն ունեցող կերպարի, որն ապրում էր կյանքի իր բարդ փուլերից մեկը: Դերասանուհին նշեց, որ կերպարն ընկալվել է ոչ միանշանակ և երբեմն բախվել քննադատության և բացասական արձագանքի:

«Ես նշեցի, որ Օլյան իմ պատկերացրած դասական դեռահասի կերպար էր, որն ունենում էր տրամադրության փոփոխություններ, լավ ու վատ օրեր, անցումային փուլեր և սիրո մասին այլ պատկերացումներ: Երբեմն դրսում ինձ տեսնում էին և ասում, որ զուգընկերների հարցում սխալ եմ և պետք է փոխեմ մտածելակերպս, իսկ ես պատասխանում էի՝ դա կերպար է և որևէ առնչություն չունի ինձ հետ և իսկապես նախնական փուլում բարդ էր մարմնավորել նման կերպարի, որն ուներ սառը կեցվածք և այս փուլում ուզում եմ ասել՝ կերպարն ինձ հետ առնչություն չունի և լիովին տարբեր ենք»,- ասաց Արաքսյա Խաչատրյանը:



Արաքսյա Խաչատրյանի այս շրջանի զբաղվածությունը և «Հոթել Գրանդ»-ում նկարահանվելը

Դերասանուհին այս շրջանում նկարահանվել է «Հոթել Գրանդ» հեռուստասերիալում, որտեղ դերասան Հայկ Դարբինյանի հետ մարմնավորել է սիրահար զույգի:
«Իննա Խոջամիրյանից ստացա առաջարկը՝ և սիրով համաձայնվեցի նկարահանվել, իսկ սա հետաքրքիր փորձ էր, երբ հեռուստասերիալի մի սերիան նվիրվում է քո պատմությանը, չնայած նկարահանումը տևել է մեկ օր հետաքրքիր էր աշխատել այդ նախագծում՝ ծանաթանալով աշխատանքային անձնակազմից: Նախագիծը հումորային ժանրում է, բայց նման պատմությունները կարևոր հաղորդագրություններ են փոխանցում ինչպես օրինակ իմ ու Հայկի հերոսների պարագայում»,- նշեց դերասանուհին:



Խոսելով իր և Հայկ Դարբինյանի հարաբերությունների մասին Արաքսյան նշեց, որ «Հատուկ դասարան» հեռուստասերիալի ընթացքում նրանք մտերմացել են, իսկ նախագծի ավարտից հետո նրանց ընկերությունը շարունակվել է:
«Նախագծից հետո ես հասկացա, որ Հայկն արդեն կարևոր դեր ունի իմ կյանքում, հույս ունեմ՝ ես էլ իր: Մենք շատ իրավիճակների նույն կերպ ենք նայում, նաև աշխատանքային միջավայրում և որոշեցինք՝ միասին նախագծեր իրականացնել, որոնք նաև պետք է հրապարակեինք մեր էջում: Շատ դրական արձագանքներ ստացանք, քանի որ մարդիկ հավանեցին այն ասմունքն ու գործերը, որոնք հրապարակում էինք: Փակագծերը բացելով՝ ասեմ, որ մենք շուտով ներկայացնելու ենք նոր նախագիծ»,-ասաց Արաքսյան:

Արաքսյա Խաչատրյանը նաև ակտիվ վարում է իր սոցիալական ցանցերը և մեզ հետ զրույցում նշեց՝ երբ սկսում էր այս աշխատանքը ոլորտում քչերը կային:
«Ես առաջիններից եմ, որ սկսել եմ այս ամենը և ուրախ եմ, որ այժմ նման տարածում ունի: Իմ էջի կոնցեպտն ու մոտեցումներն այլ են, քանի որ ես շատ դետալային եմ մոտենում աշխատանքին, շատ եմ կարևորում գովազդել այն ամենն ինչ ինձ դուր է գալիս, այն ամենն ինչն իսկապես բարձր որակ ունի»,- հավելեց նա:



Արաքսյա Խաչատրյանի սիրո պատմությունը

Ամիսներ առաջ կայացել է դերասանուհու նշանադրությունը և նա մեզ տրամադրել է ֆոտոշարք սիրելիի հետ:

«Տարիներ առաջ եմ հանդիպել սիրելիիս և ուրախ եմ, որ նա հայտնվեց իմ կյանքում, քանի որ նրա ներկայությունը շատ եմ կարևորում, նա նայում է իմ նախագծերը, քաջալերում, օգնում և առողջ վերաբերվում նաև այս մասնագիտությանն ու այս ամենի բարդություններին: Երբեմն տեսնում եմ հրապարակումներ տարբեր տեղերում, որ նշում են՝ մենք բաժանվել ենք այն էլ խաղընկերներիցս մեկի պատճառով, բայց ուզում եմ ասել՝ նման տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն, ասեմ ավելին՝ նշանածս լավ ընկերական հարաբերություններ ունի խաղընկերներիս հետ»,- ասաց դերասանուհին: