«Նազ, մեռանք ասելով` էդքան մի վիրահատվի». մարզիկը` իր կերպարանափոխության և ընտանիքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Նազ, մեռանք ասելով` էդքան մի վիրահատվի». մարզիկը` իր կերպարանափոխության և ընտանիքի մասին



ArmeniaSputnik–ը գրում է.

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը Sputnik Արմենիային պատմել է առաջին վաստակած գումարի, սպորտից հեռանալու պատճառների, ավտովթարի, պլաստիկ վիրահատությունների և Մելինե Դալուզյանի հետ հարաբերությունների մասին։

Մտածեցի, որ այդ բացը երբեք էլ չեմ կարողանա լրացնել. ինչո՞ւ Նազիկ Ավդալյանը լքեց մեծ սպորտը

Նազիկ Ավդալյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 18 տարեկանում ու ընդամենը 6 ամիս անց դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այսօրվա նման հիշում է` հաղթանակի համար ստացած 30 հազար դրամը տվել է մորը, բայց հենց այդ գումարով են նրա համար գնել իր առաջին սպիտակ սպորտային համազգեստը։
10 տարուց ավելի հաջողություններ ու հաղթանակներ գրանցելուց, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո Նազիկը 2016 թ–ի օլիմպիական խաղերից հետո որոշեց լքել մեծ սպորտը։ Չնայած որ մարզիկը ողնաշարի լուրջ վնասվածք ուներ ու նախկին արդյունքները չէր գրանցում, բայց սպորտից հեռանալու պատճառը դա չէր։
Պատճառն ընտանիքն էր ու հատկապես մանկահասակ որդին, ում հետ մրցումների պատճառով Նազիկը շատ քիչ ժամանակ էր անցկացնում։



Ավտովթարը հենց այնպես չեղավ. ի՞նչ էր նախատեսել ճակատագիրը մարզիկի համար

2011 թ.–ին տեղի ունեցած ավտովթարը գլխիվայր շուռ տվեց այդ պահի դրությամբ աշխարհի լավագույն մարզիկներից մեկի կյանքը։ Այդ օրը Նազիկը հիշում է դետալ առ դետալ. ավտոմեքենան սահեց, իսկ վարորդական փորձի բացակայության պատճառով նա չկարողացավ կառավարել այն։ Օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ ծանրամարտիկը ողնաշարի կոտրվածք ստացավ։

«Այդ պահի դրությամբ բարձրացնում էի օլիմպիական չեմպիոնի կիլոգրամներ, պարզապես պետք է պահեի մարզավիճակս, ու ամեն ինչ շատ լավ կլիներ։ Գիտեք` երբեք չեմ նեղվել այդ պատահարից, մտածել` ինչո՞ւ այդպես եղավ։ Այն, որ այդպիսի վնասվածքից հետո ես կարողացա քայլել, բալիկ ունենալ և վերադառնալ սպորտ... էլ ինչի մասին է խոսքը»։

Նազիկը կարծում է, որ այդ ավտովթարն իր կյանքում հենց այնպես չեղավ։ Երևի ճակատագրով էր նախատեսված։

«Այն ինչ լինում է յուրաքանչյուր մարդու կյանքում, լինում է կա՛մ նրա արած քայլերի հետևանքով, կա՛մ նրա համար, որ տվյալ պահին ենթադրություն անի` հետո ինչ է անելու»։

Եթե ընտանիքը պետք է քանդվի, մի օր այն կքանդվի, անգամ եթե զոհաբերես ամեն ինչ

Մարզիկի որդին` 10 տարեկան Վաչեն, մանկուց սկսել է սպորտով զբաղվել` մարմնամարզությամբ։ Հիմա վնասվածքի պատճառով դադարեցրել է պարապմունքները։
«Տղաս չի սիրում ծանրամարտը։ Փոքր տարիքում ասեցին` ինչո՞ւ չես ուզում ծանրամարտով զբաղվել, ասաց` դա աղջկական սպորտաձև է (ծիծաղում է – խմբ.)»։
Ընտանեկան կարգավիճակի մասին Նազիկը խոսել չի ուզում։ Ասում է` ինչ եղել, եղել է։ Կյանքը դասեր է տվել, որը նա կհիշի ընդմիշտ։

Գուցե չեմպիոնի հետ ապրելը դժվար էր` չի բացառում, բայց հավելում է` մարդն ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնի ում հետ է ամուսնանում ու հոգեպես պատրաստ լինի ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա։

Մեղադրում են պլաստիկ վիրահատություններ անելու համար. ի՞նչ էսթետիկ միջամտություններ է արել նա

Իր հասցեին հնչած քննադատություններին Նազիկ Ավդալյանը նորմալ է վերաբերում, հատկապես, երբ դրանք լինում են տեղին։ Բայց նա ոչ մի ձև չի կարողանում հարմարվել այն մեկնաբանությունների հետ (գրում են սոցիալական ցանցերում – խմբ.), թե նա պլաստիկ վիրահատություններ է արել ու դարձել անճանաչելի։



«Իհարկե մաշկիս խնամքով զբաղվում եմ, դա շատ կարևոր է։ Շրթունքիս մի կողմը մյուսից մի քիչ վերև– ներքև էր, դա եմ ուղղել, և վերջ։ Անգամ բոտեքս չեմ արել (հոնքերը բարձրացնելով ցույց է տալիս կնճիռները), ու մեղադրում են պլաստիկ վիրահատություններ անելու մեջ, դա մի քիչ ծիծաղելի է։ Ընկերուհիներս երբեմն ուղարկում են այդ մեկնաբանությունները ու ծիծաղելով ասում` Նազ, մեռանք ասելով, էդքան մի վիրահատվի(ծիծաղում է)»։
Հայտնի ծանրամարտիկը դաջվածքներ չունի, բայց միշտ ցանկացել է ունենալ։ Իսկ հիմա ուրախանում է, որ ժամանակին չի արել, որովհետև համոզված է` կզղջար։

Խնդրել էի նրան` առհասարակ չխոսել այդ մասին. ինչպիսի՞ն են այսօր հարաբերությունները Մելինե Դալուզյանի հետ

Հայաստանի ծանրամարտի կանանց այն ժամանակվա հավաքականի գրեթե բոլոր աղջիկների հետ մինչ այսօր Նազիկը շփվում է ու անգամ ընկերություն անում։ Տեղյակ չէ միայն Մելինե Դալուզյանից։ Ենթադրում է, որ Նիդեռլանդներում է ապրում։ Նազիկը հիշում է` Դալուզյանի անձնական կյանքի հետ կապված բոլոր փոփոխությունները կապում էին ծանրամարտի հետ, ինչը նա ճիշտ չի համարում։

«Ասում էին ծանրամարտն է կոպտացնում, «տղավարի» է դարձնում, բայց դա բնավ այդպես չէ, դա իր տեսակն էր, իր ընտրությունն էր... ես պարզապես խնդրել էի իրեն առհասարակ չխոսել այդ մասին, հատկապես երիտասարդ աղջիկների մոտ, և նա այդպես էլ անում էր, ես էլ չէի խառնվում իր անձնականին։ Իսկ մարդկային տեսանկյունից` նա շատ լավ մարդ է։ Եվ հետո, երբ նա աշխարհի մակարդակով բարձր արդյունքներ էր գրանցում, ոչ մեկ այդ փաստը հաշվի չէր առնում, բոլորը սիրում ու ընդունում էին նրան։ Մի խոսքով` ես դեմ եմ պոպագանդային, դա բնությանը դեմ է, բայց դա իր անձնական կյանքն է»։



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում