Լրահոս

Հայ պաշտոնյաների անտարբերությունը՝ նրա հեռանալու պատճառ․ միջազգային մամուլի արձագանքը Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելուն




Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ հայտարարեց Հայաստանից հեռանալու մասին։ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 6-րդ համարը այսուհետ հանդես է գալու Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու լուրը ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային մարզական մամուլի գլխագրերում է։ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 6-րդ համարի ԱՄՆ տեղափոխությունը մեծ իրարանցում է առաջացրել։

The Guardian-ը գրել է, որ Արոնյանի խոսքով՝ նրա հեռանալու պատճառներից մեկը հայ պաշտոնյաների անտարբերությունն է շախմատի նկատմամբ։ Հեղինակավոր պարբերականը մանրամասնորեն ներկայացրել է Լևոնի գրառման ուղերձներն ու տեղի ունեցողը որոշ չափել կապել նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին։

The Guardian-ը գրում է․

«Արոնյանի քայլը հաջորդեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին։ Հինգշաբթի երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց հեղաշրջման փորձը այն բանից հետո, երբ բանակը պահանջել էր նրա հրաժարականը»։

The Guardian-ի փոխանցմամբ՝ Արոնյանը այս քայլից հետո կդառնա ԱՄՆ-ը ներկայացնող 5-րդ գրոսմայստերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-20-ում՝ միանալով 2-րդ համար Ֆաբիանո Կարուանային, 9-րդ համար Ուեսլի Սոյին, 14-րդ համար Լեյներ Դոմինգեսին և 19-րդ համար Հիկարու Նակամուրային։

Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելու լուրը բավականին մեծ արձագանք է գտել նաև ամերիկյան մամուլում։ Հիմնական շեշտադրումը այստեղ նրանում է, որ Լևոնը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-20-ում արդեն 5-րդ ներկայացուցիչն է Միացյալ Նահանգներից։


Աղբյուր՝ Armsport.am