Լրահոս

Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները․ Irakanum.am




Irakanum.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիներն այս պահին քանդում են Իշխանասարում՝ Սեւ լճի մոտակայքում, գիշերը տեղադրած իրենց վրանները՝ հեռանալու նպատակով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները գիշերն են առաջ եկել՝ տեսնելով, որ հայկական կողմից ոչ ոք չկա նշված տարածքում: Նրանք իրենց վրանները տեղադրել են ու հայտնել, թե պատրաստվում են տեխնիկական աշխատանքներ կատարել:

Փոխհրաձգության, վիրավորների, կրակոցների մասին տեղեկությունը մեր աղբյուրը հերքեց՝ ասելով, թե այդ պահին հայկական կողմից որեւէ մեկը չի եղել պաշտպանական դիրքերում, ինչից օգտվելով էլ ադրբեջանցիներն առաջացել են:

Ադրբեջանցիների հետ այսօր բանակցելու են գնացել նաեւ ռուս խաղաղապահները: Մեր տեղեկություններով, այս պահին հայկական կողմը սպասում է ադրբեջանցիների հեռանալուն, որ տեղակայվի նշված հատվածում: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե հակառակորդը առաջացել է տարբեր ուղղություններով, մեր աղբյուրն ասաց, որ Սեւ լիճը ձգվում է մինչեւ Սիսիան, հետեւաբար սխալ տեղեկատվություն է տարածվել, որ տարբեր ուղղություններով են առաջացել: Կային տեղեկություններ, որ հակառակորդն առաջացել է նաեւ Գորայքի ուղղությամբ, ինչը մեզ հետ զրույցում հերքեց գյուղապետ Աշոտ Աղաջանյանը. «Հենց այս պահին ժողովի մեջ ենք, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ոչ առաջխաղացման մասին որեւէ բան չկա, Գորայքը երկկողմանի սահմանամերձ է Նախիջեւանին ու Քելբաջարի հատվածին, ամեն մարդ իր դիրքերում նստած է»:

Կրակոցների, վիրավորների, լարված իրավիճակի, թեժ մարտերի մասին տեղեկությունները մեզ հետ զրույցում հերքել էր նաեւ Կապանի քաղաքապետը: