Կարեն Խաչանով. «Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Խաչանով. «Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա»



Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը, որը կարիերայում առաջին անգամ կխաղա Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում, մեկնաբանել է ամերիկացի Սեբաստիան Կորդայի նկատմամբ հաղթանակը քառորդ եզրափակիչում:

«Երկրորդ անգամ անընդմեջ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ, հիանալի է: Խաղն ավարտվեց ոչ այնպես, ինչպես ես էի ցանկանում: Սեբաստիանը լուրջ մրցակցություն ցույց տվեց: Նա հիանալի թենիսիստ է և հաղթել էր իմ ընկեր Դանիիլ Մեդվեդևին ու Հուբերտ Հուրկաչին:

Ինձ շատ լավ եմ զգում: Կարծես վերագտել եմ ինձ: Միշտ էլ հավատացել եմ ուժերիս, սակայն, երբ լավ արդյունքի ես հասնում, այդ հավատը բազմապատկվում է: Անհամբերությամբ եմ սպասում եզրափակիչին»,- ասել է 26-ամյա թենիսիստը մրցախաղից հետո:

Հետխաղյա ասուլիսի ժամանակ Կարեն Խաչանովը պատասխանել է այն հարցին՝ ինչու գրություն չի թողել տեսախցիկին: Նախորդ երկու հաղթանակներից հետո նա աջակցություն էր հայտնել Արցախին, որը մեկ ամսից ավելի շրջափակված է Ադրբեջանի կողմից։

«Ինձ արգելելու կամ պատժելու պահանջների մասին ոչինչ չգիտեմ։ Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա։ Բացմիցս նշել եմ, որ հայկական արմատներ ունեմ և ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով։

Կնոջս ու որդուս հետ 2021-ին այցելել էինք Հայաստան, եղանք բազմաթիվ գեղեցիկ վայրերում ու վանքերում։ Ավելի լավ ճանաչեցի երկիրը։ Վերադարձից առաջ էլ վարպետության դաս անցկացրի 300-400 երեխաների համար։ Զարմացած էի, թե որքան մեծ էր ինձ տեսնելու նրանց ցանկությունը։ Շատ հաճելի պահ էր»,- ռուսաստանցու խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ US Open-2022-ում Կարեն Խաչանովը նույնպես հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ 1-3 հաշվով պարտվել էր նորվեգացի Կասպեր Ռուդին:

Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի կիսաեզրափակիչում հայ թենիսիստը կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - Իրժե Լեգեչկա (Չեխիա) զույգի հաղթողին:

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր կրել երկրորդ շրջանում։