«Մեր ընտանեկան կյանքի ամենասկզբից էլ սպասել եմ այդ իրադարձությանը»․ Հայտնի է Վարդ Մարգարյանի և Սոֆիի առաջնեկի սեռը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեր ընտանեկան կյանքի ամենասկզբից էլ սպասել եմ այդ իրադարձությանը»․ Հայտնի է Վարդ Մարգարյանի և Սոֆիի առաջնեկի սեռը



Վարդ Մարգարյանը և Սոֆին արդեն պարզել են իրենց առաջնեկի սեռը։ Օրերս տեղի է ունեցել գեղեցիկ արարողություն, որի մանրամասները զույգը առաջինը վստահել է EXCLUSIVElife.am-ին։


-Վարդ, արդեն պարզ է փոքրիկի սեռը, ձեր առաջին զգացողությունները ինչպիսի՞ն էին: 
-Հայկական նորաստեղծ ընտանիքներում սովորաբար ընդունված է չէ՞, որ անպայման առաջնեկը տղա լինի: Բայց հիմա մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ առողջ երեխա ունենալն արդեն իսկ երջանկություն է: Ես, երևի թե, այն քիչ տղամարդկանց թվին եմ պատկանում, ովքեր երազում են հենց աղջիկ ունենալու մասին: Ու պատկերացրեք իմ և կնոջս հուզմունքը, երբ պարզեցինք երեխայի սեռը: Այստեղ մեկ անգամ էլ համոզվեցի, որ իմ բոլոր երազանքները մի օր անպայման իրականանում են: Ու քանի որ մենք պլանավորում ենք դարձյալ բալիկներ ունենալ, Աստծո կամոք տղայի խնդիրն էլ կլուծվի: Հիմա դժվար է ասել, թե ինչ եմ զգում, բայց մի բան հաստատ գիտեմ, որ ամեն առավոտ արթնանում եմ մի շատ հետաքրքիր զգացողությամբ: Մեր տան լռության մեջ կարծես լսում եմ ապագա բալիկիս առաջին ձայները, լացն ու ծիծաղը: Սպասումի այս վերջին օրերը ամենադժվարն են: 

-Արդյոք ընտրե՞լ եք երեխայի անունը: 
-Առայժմ չենք մտածել անվան ընտրության մասին: Մի քիչ բարդ է այդ առումով, որովհետև հաճախ է պատահում, երեխան ծնվում է և հասկանում ես, որ քո ընտրած անունը առհասարակ չի համապատասխանում իրեն: Այդ պատճառով էլ որոշել ենք սպասել մեր հրաշքի հետ առաջին հանդիպմանը: Ես վստահ եմ, որ նա ինքը մեզ կհուշի իր անունը: Ես շատ բծախնդիր եմ այդ հարցում, որովհետև անունը քո այցեքարտն է և դառնում է ճակատագրիդ մի մասը: Ինչ անուն էլ ընտրենք, վստահ եմ, որ մեր փոքրիկը գոհ կմնա: 

-Վարդ, մի փոքր հետ գնանք, կխնդրեմ ասեք, ինչպես Ձեր կինը՝ Սոֆին, առաջին անգամ ասաց, որ փոքրիկի է սպասում: 
-Մի զավեշտալի բան պատմեմ, ամեն անգամ, երբ կնոջս ինքնազգացողությունը մի փոքր վատանում էր օրինակ սնունդից կամ շոգ եղանակից, ես անմիջապես խուճապի մեջ էի ընկնում ու սկսում էի նրան համոզել, որ հաստատ հղի է: Նա վստահեցնում էր, որ ոչ: Ես նորից պնդում էի նույնը: Մինչև մի օր իսկապես համոզվեց: Մեր ընտանեկան կյանքի ամենասկզբից էլ սպասել եմ այդ իրադարձությանը: Չէ՞ որ իմ կյանքում ավելանում է ևս մեկը, ում համար իմ սերը ստանալու է նոր ձև ու տեսք: 


-Հայտնի է՞ ձեր առաջնեկի լույս աշխարհ գալու օրը: 
-Բժիշկների հաշվարկով հունիսի 29-ն է: Բայց ես ուզում եմ առիթից օգտվելով նրան փոխանցել, որ մենք պատրաստ ենք իրեն ավելի շուտ դիմավորելու: Մեր տանը նա ունի իր հեքիաթային անկյունը, որտեղ նա իրեն զգալու է ապահով ու սիրով շրջապատված: 

Վերջում Վարդը ավելացրեց․
«Քանի որ մեր զրույցի թեման երեխաներն են, բնականաբար կուզեմ հենց նրանց մասին էլ խոսել: Բայց խոսքս ավելի շատ ծնողներին է վերաբերվում: Այն պատասխանատվությունը, որ մենք ստանձնում ենք երեխա ունենալու որոշում կայացնելով, մենք պետք է մինչ կյանքի վերջ հավատարիմ մնանք այդ որոշմանը: Մեզանից է կախված նրանց երջանկության ու որպես անհատ ձևավորման կարևոր առաքելությունը: Ուզում եմ, որ մոլորակի բոլոր երեխաները մեծանան լիարժեք ընտանիքներում, ապրեն հեքիաթի մեջ և վստահ լինեն, որ իրենց թիկունքում ունեն իրենց ծնողների ամուր պաշտպանությունն ու աջակցությունը ամեն հարցում»:


Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ Վարդ Մարգարյանի անձնական արխիվից