Ստամբուլի մեծ համերգասրահում տեղի է ունեցել Սիբիլի մենահամերգը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստամբուլի մեծ համերգասրահում տեղի է ունեցել Սիբիլի մենահամերգը



Armtimes.com-ը գրում է.

Երկարատև դադարից հետո Պոլսում բեմ բարձրանալն ինձ համար շատ հուզիչ էր։ Այստեղ երգարվեստի ասպարեզ մտնելու առաջին օրվանից մինչև հիմա առաքելությունս նույնն է՝ ծննդավայրիս մեջ հայերեն երգերը հնչեցնել ու սիրելի դարձնել։ Այդ է պատճառը, որ հունվարի 18-ին տեղի ունեցած մենահամերգիս միմիայն հայերեն երգեր երգեցի»։

պոլսահայ երգչուհի Սիբիլ

Ստամբուլի ամենամեծ՝ «Ջեմալ Ռեշիտ Ռեյ» համերգասրահում տեղի է ունեցել պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի՝ պոլսահայ համայնքում երկար սպասված մենահամերգը, որին իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանից սիրված երգիչ Անդրե Սիմոնյանը, համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը, տաղանդավոր խմբավար, մաեստրո Սիբիլ Արսենյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը, «Առագաստ» նվագախումբը, վոկալիստ Մանե Մարա Մադենը, ինչպես նաև Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանի հայաստանցի աշակերտների երգչախումբը՝ խմբավար Հրանտ Չիզմեճյանի գլխավորությամբ։

Լեփ-լեցուն համերգասրահի բազմաթիվ հանդիսատեսների շարքերում են եղել Գ. Տ. Արամ Արք. Աթեշյանն ու Պատրարքական աթոռի այլ միաբաններ, Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը, Մայր քաղաքապետության, Շիշլիի և Բեշիքթաշի քաղաքապետարանի ներկայացուցիչները, համայնքային գրեթե բոլոր հաստատությունների ղեկավարներն ու անդամները, արվեստասները և երգչուհու երկրպագուները։

Համերգի հովանավորներն են եղել Սբ. Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձուների ու Քարագյոզյան տան խնամակալության խորհուրդները, ողջ հասույթն ուղղվել է համայնքային «Գալֆայան» և «Մերամեթճյան» հայկական վարժարաններին։

Նշենք, որ Սիբիլի երգացանկը հարուստ է եղել սիրված հայկական երգերով՝ «Ավետյաց երկիր», «Երկու տուն ունեմ», «Երնեկ թե այս Նոր տարին», «Մեր լեզուն», «Երգն իմ թևերն է», «Լույսի հատիկ», «Ավրորայի աղոթքը», «Բարի լույս» և այլն։ Համերգի բոլոր երգերը բուռն ծափերի են արժանացել, սակայն է՛լ ավելի հուզիչ է եղել հայաստանցի երեխաների ձայնակցությամբ հնչող «Գետաշեն» երգը, որը երգչուհու՝ երգի լեզվով Թուրքիայից հնչող զորակցության ձայնն է եղել Արցախի՝ շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին։

Երեկոյին առաջին անգամ հնչել են նաև Համո Սահյանի խոսքերի հիման վրա գրված Հրանտ Չիզմեճյանի «Բարի լույս» երգը, որի խոսքերն ու մեղեդին շատ տպավորիչ են:

Համերգի վերջում հիշատակվել է Թուրքիայում երկու՝ հայ և թուրք ժողովուրդների՝ անցյալի հետ առերեսման անհրաժեշտության և հաշտության համար պայքարի ճանապարհին սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքը. երգչուհի Սիբիլն ու երաժիշտ ընկերները հանդիսատեսի հետ միասին երգել են Դինքի սիրած երգերից «Սարի աղջիկը» («Sarı SariGelın»)։

Համերգի ավարտին չընդհատվող ծափողջյունները նաև հասցեագրված են եղել հայաստանցի աշակերտներից կազմված՝ «Հրանտ Դինք» վարժարանի երգչախմբին, որոնք յուրօրինակ փայլ ու իմաստ են տվել երեկոյին։

Թուրքիայում «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին անդրադարձել է Ստամբուլում գործող հայաստանցի աշակերտների «Հրանտ Դինք» վարժարանին:

«Երբ համերգ ունենալու գաղափարը կյանքի կոչվեց, փափագեցի, որ «Հրանտ Դինք» վարժարանի աշակերտներն էլ համերգիս մեջ տեղ գտնեն։ Մի կողմից վարժարանի երգի ուսուցիչը՝ խմբավար Հրանտ Չիզմեճյանը, մտերիմ ընկերս է, մյուս կողմից էլ՝ խորհեցի, որ հայրենիքից հեռու ապրող հայաստանցի երեխաները հիանալի առիթ կունենան Պոլսո հողի վրա հայերեն երգել ու երգի միջոցով իրենց ձայնը լսելի դարձնել ամենուր, ինչը յուրօրինակ իմաստ կունենա։

Փորձերի ընթացքում նրանց ասացի, որ այս համերգով իրենց ձայնը նաև պիտի Հայաստան հասցնեն, երգերի խոսքերի բովանդակությունը իրենք են լավագույնս զգալու և փոխանցելու։

Ճիշտ այդպես էլ եղավ. նրանք բոլորն էլ հոգով-սրտով երգեցին ու ամենալավ ձևով ինձ ընկերակցեցին։ Այդ առիթով իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում վարժարանի տնօրինությանն ու ուսուցիչներին, ովքեր համերգի առաջարկի առաջին օրվանից սկսած մեզ միացան ու մեզ հետ աշխատեցին»,- ասել է երգչուհին:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ երգչուհին իր ներկայությամբ պատվել է Ստամբուլում կազմակերպված «Հրանտ Դինք» վարժարանի ամենամյա «Սիրո սեղանին», որի ընթացքում սովորաբար համայնքային բարերարները և պոլսահայերը հանգանակություն են անում՝ ի նպաստ Թուրքիայում գործող հայկական վարժարանների գոյատևման։

Սիրված երգչուհին իր ներկայությամբ զորակցություն է հայտնել վարժարանին՝ հայաշունչ միջոցառմանը հայաստանցի աշակերտների հետ երգելով սիրված երգերն ու ևս մեկ անգամ ստեղծելով հիշարժան համերգի ուրախ մթնոլորտը՝ արժանանալով ծափերի տեղատարափի։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում