Ոճաբան Անի Ավդալյանի թիմը կմասնակցի Վարսահարդարների և դիմահարդարների աշխարհի առաջնությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ոճաբան Անի Ավդալյանի թիմը կմասնակցի Վարսահարդարների և դիմահարդարների աշխարհի առաջնությանը




Ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանի թիմը մասնակցելու է սեպտեմբերի 9-11-ը Փարիզում կայանալիք Վարսահարդարների և դիմահարդարների աշխարհի առաջնությանը՝ (HAIRWORLD OMC WORLD CUP) Հայաստանը ներկայացնելով մի քանի անվանակարգերում:

Ավդալյանի խոսքով՝ առաջնությունը ոլորտի ամենահեղինակավոր իրադարձություններից է, որի ժյուրիի անդամները բարձր պրոֆեսիոնալներ են, խիստ են դատում յուրաքանչյուր աշխատանք:


«Առաջնությանը մասնակցում են ոչ միայն վարսահարդարներ և դիմահարդարներ, այլև գեղեցկության բնագավառի այլ մասնագետներ: Ինքս ժամանակին մասնակցել եմ OMC-ի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնությանը, արժանացել մրցանակների, սակայն ոչ մի անգամ Հայաստանը թիմով հանդես չի եկել»,-շեշտում է Անի Ավդալյանն ու տեղեկացնում՝ իր թիմում ընդգրկված են 11 պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Նրանք ներկայանալու են չորս անվանակարգում:

«Կրեատիվ գույն և ոճ» (CREATIVE H. COLOR & STYLE)
անվանակարգում յուրաքանչյուր մասնակից պետք է ցուցադրի իր ստեղծագործական միտքը, աշխատի վրձնով, մազերի հետաքրքիր գունային խաղ ստանա: Նրանք պետք է ապահովեն գույների մաքրություն, ցույց տան իրենց երևակայության թռիչքը, որը բարձր է գնահատվում: Աշխատելու են մանեկենների հետ: Այս անվանակարգում Հայաստանից ներկայանալու են Հասմիկ Մանուկյանը, Սարգիս Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Գոհար Թովմասյանը և Ռուզաննա Հովսեփյանը:


«Հյուսքերի տեխնիկա և ոճ» (TECHNICAL BRAIDED STYLE) անվանակարգում հանդես է գալու Մարտա Քեշիշյանը: Նա պետք է կարողանա քառասուն րոպեում ստանալ այն, ինչ հարկավոր է, ցուցադրել փայլուն տեխնիկա և երևակայություն:

«Կոմերցիոն կտրվածք և ոճ» (STREET CUT & STYLE) անվանակարգում կներկայանան Հայկանուշ Մարգարյանն ու Կարինե Հովհաննիսյանը: Մասնակիցները պետք է կարողանան աշխատանքն ավարտել 35 րոպեում՝ ստանալով լավագույն կտրվածքը:


«Հոնքերի շտկում և ներկում» (EYEBROWS SHAPING & TINTING) անվանակարգում կներկայանա Քրիստինե Պետրոսյանը, որը վերապատրաստվել է Մոսկվայում՝ դիմահարդար Գոհար Ավետիսյանի ստուդիայում: Նա պետք է հասցնի իր աշխատանքն ավարտել 25 կամ 35 րոպեում:


Անի Ավդալյանը վստահեցնում է՝ եթե մրցանակների չարժանանան, անպայման աչքի են ընկնելու իրենց հիանալի աշխատանքով: «Շատ կարևոր է, որ Հայաստանի մասնակիցները տարբերվեն յուրատահուկ ձեռագրով, վառ երևակայությամբ ու փաստեն, որ չեն զիջում որևէ մեկին»,-նշում է ոճաբանը:

Հայաստանի պատվիրակությանն աջակցում է Fly One Armenia ավիաընկերությունը: