«Եվրատեսիլ» 2024–ի պատվիրակների ասուլիսը, Ժակլինի տարեդարձն ու անակնալ ելույթը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ» 2024–ի պատվիրակների ասուլիսը, Ժակլինի տարեդարձն ու անակնալ ելույթը



Այսօր Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանում կայացավ «Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյանի պատվիրակների՝ Լադանիվա խմբի հանդիպումը լրագրողների հետ: 

Այսօր խմբի մենակատարի՝ Ժակլինի տարեդարձն է, որի ժամամակ երգչուհին նշեց՝ իր երազանքներն արդեն իսկ իրականություն են դարձել:

Ասուլիսի սկզբում «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը խոսեց խմբի և երգի ընտրության մասին:
«Այս մրցույթի պարագայում «Լադանիվա»-ն լավագույն ընտրությունն է, քանի որ մրցույթի կարգախոսն է «միավորված երաժշտությամբ», իսկ «Լադանիվա» խումբը շատ համահունչ է այս կարգախոսին: Մենք նաև մասնակցել ենք Մադրիդում կայացած եվրատեսիլյան համերգին և տեսել ենք՝ ինչպես է եվրոպացի հանդիսատեսն արձագանքում երգին և խմբին՝ ցույց տալով, որ մեր ընտրությունը ճիշտ է: Մենք չենք բացի շատ փակագծեր, բայց կարող եմ նշել, որ սպասվում է վառ, գունավոր շոու և մի գաղտնիք ասեմ, որ բեմում խումբը լինելու է ամբողջական կազմով»,- ասաց Դավիթ Ծերունյանը:

Ժակլինն ասուլիսի ընթացքում խոսեց երգի ստեղծման պատմության մասին:
«Ես փոքր տարիքից ձգտել եմ ազատության, բայց միշտ լսել եմ՝ ինձ պետք է աղջկա պես պահեմ: Ինձ ճնշել են այդ կարծրատիպերն ու մոտեցումները և շատ կարևոր հաղորդագրություն ունի երգը, որն իմ մասին է: Այո, երգում կան տարբեր ազգերի երաժշտությունների միաձուլում, որի շրջանակում մենք պահել ենք ու ընդգծել հայկականը»,- ասաց երգչուհին:

Երաժշտության հեղինակը Լուին է, որը նշեց` Ֆրանսիայում ևս լսում են 6/8:
«Երաժշտության լադը գրելիս ոգեշնչվել ենք տարբեր մշակույթներից: Ֆրանսիայում կա մի կղզի, որտեղ միշտ պարում են այդ երաժշտության ներքո: Մենք մեր երգի մեջ ավելացրել ենք նաև դհոլի հատված, որպեսզի ավելի շատ հայկական էլեմենտրներ լինեն»,- նշեց Լուին:

Ասուլիսի ավարտին Ժակլինը ներկաներին բաժանեց տիկնիկներ, որոնք ևս ունեն իրենց խորհուրդը:
«Ըստ հայկական ավանդույթի՝ մայրիկը կամ տատիկը իրենց դստրերի համար տիկնիկ են պատրաստել ու նվիրել ամուսնության ժամանակ, ու այդ տիկնիկը յուրօրինակ զրուցակից է դարձել աղջիկների համար՝ լսելով նրանց մտահոգությունները: Այսօր ուզում եմ, որ դուք ևս ունենաք այդ տիկնիկներից, իսկ «Ժակոն» ձեզ միշտ կլսի»,-եզրափակեց երգչուհին:

Ինչպես նշեցինք, այսօր Ժակլինի 27-ամյակն է և ի պատասխան նրա կենդանի կատարմանը լրագրողներն էլ երգչուհուն շնորհավորեցին փոքրիկ կատարմամբ:

Հիշեցնենք , որ «Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին և 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։